Բաժիններ՝

Ստեփանակերտի դպրոցներում բացվելու են երկու տիպի նախադպրոցական խմբեր

Սեպտեմբերի 1-ից Ստեփանակերտում բոլոր այն երեխաները, ում հինգ տարին լրանալու է մինչեւ դեկտեմբերի 1-ը, հնարավորություն են ունենալու ընդգրկվել դպրոցներում գործող նախադպրոցական խմբերում` ընդհանուր թվով 810 տեղ է բացվում: Այս մասին տեղեկացնում է www.karabakh-open.info-ն:

Այդ նպատակով դպրոցներում բացվելու են երկու տիպի նախադպրոցական խմբեր` մանկապարտեզային` 9-ժամյա տեւողությամբ եւ 6-ժամյա տեւողությամբ` նախադպրոցական խմբեր, որտեղ երեխաները ճաշի, բայց ոչ քնելու հնարավորություն կունենան:

Մանկապարտեզներից դպրոց տեղափոխվող երեխաներն ընդգրկվելու են 9-ժամյա տեւողությամբ խմբերում, որոնք ութն են եւ գործելու են երկրորդ, իններորդ եւ տասերորդ դպրոցներում:

Այս քայլին կառավարությունում գնացել են Ստեփանակերտի մանկապարտեզները բեռնաթափելու համար: Երեք պետական մանկապարտեզներում երեխաների թիվն այսօր թույլատրելիից կրկնակի է: Մանկապարտեզների բեռնաթափումից հետո այդտեղ եւ նորաբաց խմբերում երեխաների սահմանված թիվը պիտի պահպանվի`տարբեր խմբերում. այն տատանվելու է 25-40-ի միջակայքում, բայց ոչ դրանից ավելի:

Մանկապարտեզների տնօրեններն այսօր հանձնարարական ստացան մինչեւ օգոստոսի 20-ը կազմակերպել այն երեխաների անցումը նախադպրոցական խմբեր, որանց հինգ տարեկանը պիտի լրանա մինչեւ դեկտեմբերի 31-ը:

Այս քայլերի արդյունքում դպրոցների խմբեր է տեղափոխվելու մոտ 350 երեխա , դրանցում ընդգրկելու հնարավորություն կստանան նաեւ այն 4.5 եւ բարձր տարիքի երեխաները, ովքեր առայժմ մանկապարտեզ չեն հաճախել:

Ըստ կայքի՝ օգոստոսի 1-ին վարչապետի մոտ խորհրդակցությանը հատուկ քննարկման թեմա է դարձել նաեւ մանկապարտեզներում երեխաների ընդունելության հարցը: «Վարչապետ Արա Հարությունյանը խիստ դատապարտեց այն ասեկոսեները, թե երեխայի ընդունելությունը մանկապարտեզ կատարվում է ամենաբարձր մակարդակով. վարչապետը նույնիսկ այդպիսի միջնորդության խնդրանքով նամակներ է ստացել»,- գրում է կայքը:

«Որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի, նաեւ վարչապետի լիազորության մեջ չեն այդ հարցերը», ասել է կառավարության ղեկավարը:

Այսուհետ նման դեպքերի եւ խոսակցությունների համար պատասխանատվություն կրելու է քաղաքապետարանի համապատասխան բաժինը: Իսկ մանկապարտեզներում ` թափուր տեղեր լինելու դեպքում առաջնորդվելու են հետեւյալ առաջնահերթություններով` ծնողազուրկներ, միայնակ մայրերի երեխաներ, հաշմանդամների եւ սպաների զավակներ, բազմազավակ ընտանիքների երեխաներ:

Առայժմ հստակ չէ նոր խմբեր բացելու հետեւանքով առաջացած հաստիքների հարցը: Այն քննարկվում է կրթության եւ գիտության, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունների կողմից: Դաստիարակների համար համապատասխան կարգով մրցույթ է հայտարարվելու:

Մինչեւ սեպտեմբերի 1-ը պիտի կազմակերպչական այլ հարցեր էլ լուծվեն, մասնավորապես երեխաների բւոժսպասարկման, սանիտարահիգիենիկ վերահսկողության հետ կապված եւ իհարկե դպրոցներում փոքրիկների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով շինաշխատանքերը պիտի ավարտվեն, լուծվեն կահավորման հարցերը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս