Պահանջները չկիրառող ընկերությունները կենթարկվեն պատասխանատվության
2012 թվականին Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ ամրագրվել են շինհրապարակների կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմանները` ներառյալ տվյալ կառույցի մասին վկայող ցուցանակի առկայությունը, հետիոտնի տեղաշարժի համար անհրաժեշտ անցուղիների կահավորումը, ինչպես նաև տարածքի սահմանազատումն ու պաստառապատումը:
Ընդ որում, այս հարցում փորձ է արվում միասնական մոտեցում ցուցաբերել, ինչի վկայությունը Երևանի բազմաթիվ շինհրապարակներում պարսպապատնեշների նույնատիպ պաստառապատումներն են` Երևանի զինանշանով և «Ավելի բարեկարգ Երևան» մակնշումով: Այս ամենը նպատակ է հետապնդում, շինարարական աշխատանքների կազմակերպմանը զուգահեռ, չխաթարել քաղաքային միջավայրին բնորոշ տարրերը: Շինհրապարակների սահմանազատման այլընտրանքային հնարավորություն էլ է տրվել: Կառուցապատողները կարող են պաստառների վրա ներկայացնել կառուցվող շինության լուծումները, ճարտարապետական տեսքի էսքիզները և այլն:
Սահմանված չափանիշները չպահպանող կառուցապատող ընկերություններն, ըստ խախտման բնույթի, կենթարկվեն վարչական պատասխանատվության` 30.000 -ից մինչև 100.000 դրամի չափով: Կառուցապատող ընկերություններին այս մասին ծանուցվել և լրացուցիչ իրազեկվել է: Այդուհանդերձ, այս տարի մինչ օրս արձանագրվել է իրավախախտման 80 դեպք:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն