ՀՀԿ փոխնախագահ. Պլակատներով այդ երիտասարդները ինչո՞ւ չեն մտածում, որ թանկացումները Հայաստանի գլխին սարքվում է

Իշխող Հանրապետականի (ՀՀԿ) փոխնախագահը տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը կապում է աշխարհաքաղաքական զարգացումների հետ։ Ռազմիկ Զոհրաբյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հետևյալ հարցադրումն է արել, թե ինչո՞ւ ուղեվարձի թանկացման դեմ ակտիվ բողոքող երիտասարդները չեն հասկանում, որ այն, ինչ այսօր կատարվում է իրականում «սարքվում է Հայաստանի գլխին»։

«Չէի ցանկանա, որ պրոցեսը հանգեցներ սոցիալական բունտի, որովհետև մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք, քան թե 50 դրամի համար սոցիալական բունտ անելը և երկրի իրավիճակը ապակայունացնել։ Պլակատներով այդ երիտասարդները ինչո՞ւ չեն մտածում, որ սա ժողովրդական բառով ասեմ, Հայաստանի գլխին սարքվում է,- հայտարարել է Զոհրաբյանը՝ մանրամասնելով,- Ավտոբուսների պահեստային մասերը չենք արտադրում, դրանք գնում ենք, այսինքն ամեն ինչ գալիս է դրսից, սկսած «Գազել»-ներից, ավտոբուսներից։ Դրանց թանկացումները բերում են նաև տրանսպորտի թանկացման»։

Հարցին, թե ո՞վ է «սարքում Հայաստանի գլխին», ՀՀԿ-ի փոխնախագահը պատասխանել է.

«Գլխին սարքելը այն է, որ Հայաստանը ուժեղ պետություն չէ, գերտերություն չէ, և գերտերությունները մի մատի շարժումով կարող են այստեղ ներքին բաներ ստեղծել։ Խոսքը միայն Ռուսաստանի մասին չէ, որովհետև էստեղ գնում է քաղաքակրթությունների մրցակցություն՝ Հայաստանը գնա դեպի եվրաինտեգրում, թե՝ գնա Ռուսաստանի Մաքսային միություն։ Այսպես ասած՝ վերևերների, գիգանտների կռիվը ներքևում ինչ-որ արձագանք է ստանում։ Փառք Աստծո, եթե մենք պրծնենք միայն տրանսպորտի թանկացումներով»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս