Թուրքիայում առանց անհրաժեշտության արցունքաբեր գազ են կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ. ՄԻԵԴ

Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր դիմել է Թուրքիայի իշխանություններին՝ կոչ անելով բարեփոխել ազգային օրենսդրությունը՝ այսուհետ թույլ չտալու համար խաղաղ ցուցարարների նկատմամբ չափից ավելի ուժի գործադրում, այդ թվում նաև արցունքաբեր գազի կիրառում:

ՄԻԵԴ-ն այդ հայտարարությունն արել է Ստամբուլի բնակչուհի Ներգիզ Իզջիի գործը քննելուց հետո: Վերջինս 2006 թվականի մարտին մասնակցել է Կանանց միջազգային օրվան նվիրված հանրահավաքին, ինչն ավարտվել է ոստիկանության հետ բախումներով:

ՄԻԵԴ-ը եկել է այն եզրակացության, որ Թուրքիայի դեմ ներկայացված նմանատիպ այլ գործերի ժամանակ էլ ոստիկանները չեն ցուցաբերել որոշակի համբերություն և զսպվածություն՝ նախքան ամբոխին ցրելու փորձ ձեռնարկելը, որը, ի դեպ, իրեն չի պահել ագրեսիվ և վտանգ չի ներկայացրել հասարակական կարգուկանոնի համար:

Դիտելով բախումների մասին ականատեսների տեսագրությունները՝ եվրոպացի դատավորներն ընդգծել են, որ իրավապահ մարմինների աշխատակիցները ցուցարարներին չեն խնդրել ցրվել և անմիջապես սկսել են արցունքաբեր գազ կիրառել նրանց նկատմամբ:

Ընդ որում, Իզջիի ձերբակալման ժամանակ նրա նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ և նախնական կալանքից ազատվելուց հետո նա գրեթե մեկ շաբաթ չի կարողացել գնալ աշխատանքի: ՄԻԵԴ-ը նաև ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ թուրք իրավապահները թաքցրել են իրենց դեմքերն ու կրծքանշանները, որպեսզի հետագա դատական գործընթացների ժամանակ չկարողանան ճանաչել իրենց:

ՄԻԵԴ-ը հայտարարել է, որ նախկինում քննել է Թուրքիայի դեմ ներկայացված համանման ավելի քան 40 գործ, և որ դրանցից ավելի քան կեսի դեպքում ապացուցվել է թուրքական հետաքննիչ մարմինների մեղավորությունը, որոնք չեն կարողացել արժանիորեն անցկացնել անհրաժեշտ հետաքննություն:

ՄԻԵԴ-ը դեռ պետք է քննի Թուրքիայում ազատ հանրահավաքներ անցկացնելու իրավունքին առնչվող ևս մոտ 130 գործ: ՄԻԵԴ-ը Թուրքիայի իշխանություններին հարկադրել է 20.000 եվրո փոխհատուցում վճարել Իզջիին:

Տեսանյութեր

Լրահոս