Իրանը գազ կմատակարարի Իրաքին

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու Իրաքի ներկայացուցիչները պայմանագիր են ստորագրել Բաղդադին իրանական գազի մատակարարումների մասին: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային գազային ընկերության (NIGC) կառավարման տնօրեն Ջավադ Օջին:

Վերջինիս խոսքերով՝ մատակարարման օրական ծավալը կազմելու է 25 միլիոն խորանարդ մետր: NIGC-ի ղեկավարն ընդգծել է, որ կողմերի միջև գազի արտահանման պայմանների վերաբերյալ բանակցությունները տևել են երկու տարի:

Ջավադ Օջին չի հայտնել պայմանագրի արժեքը՝ ընդգծելով միայն, որ Իրաքին իրանական գազի մատակարարման արժեքը հաշվարկվելու է նույն եղանակով, ինչ որ Թուրքիայի պարագայում է: Իրաքին գազ մատակարարելու համար Իրանը պետք է մոտ ժամանակներս ավարտի երկրի արևմտյան մասում գազատարի կառուցումը:

France-Presse լրատվական գործակալության գնահատմամբ՝ Իրանի ու Իրաքի միջև կնքված պայմանագիրը կարող է տարեկան կազմել 3.7 միլիարդ դոլար: Այս տարվա հունվարին Իրանի նավթարդյունաբերության նախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ Իրաքին իրանական գազի մատակարարումները կարող են սկսվել 2014 թվականի ամռանը:

Տեսանյութեր

Լրահոս