Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Հողագրունտի սահքի հետևանքով առաջացած փլուզման վտանգի պատճառով ժամանակավորապես փակ է նաև Կորեայի ձորի ճանապարհահատվածը»,- նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Փրկարար ծառայությունից հիշեցնում են, որ նոյեմբերի 15-ից տրանսպորտային միջոցներով երթևեկելիս ձմեռային անվադողերի օգտագործումը պարտադիր է։

