Հայաստանն ինքը պետք է որոշի՝ արդյոք հետագայում կմասնակցի ՀԱՊԿ-ին. Մասադիկով
Հայաստանն ինքը պետք է որոշի՝ արդյոք հետագայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), ՏԱՍՍ-ին և «Եվրազիմուտ» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
«ՀԱՊԿ-ում նորմալ չեն համարում Երևանի ներկայիս կարգավիճակը, քանի որ նա փաստացի սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին»,- արձանագրել է Մասադիկովը։ Սակայն, նրա խոսքով, «որոշումը մնում է հայկական կողմին. պարտքի մարումից հետո ՀԱՊԿ աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը, ներառյալ աշխատակիցների գործուղումը, կարող է վերականգնվել»։
Գլխավոր քարտուղարը նշել է, որ «կազմակերպությունը գործում է խիստ կանոնադրության համաձայն և մտադիր չէ արհեստականորեն սրել իրավիճակը, սակայն չի կարող անտեսել անդամներից մեկի չմասնակցելը հավաքական գործերին»։
Հիշեցնենք, որ նոյեմբերին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդն ընդունել է «Հայաստանի Հանրապետության նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման մասին» որոշում։
25-րդ հոդվածը կարգադրում է որոշում կայացնել «կազմակերպության շրջանակներում քվոտային պաշտոններում քաղաքացիների առաջադրման իրավունքի կասեցման, ինչպես նաև ձայնի իրավունքից զրկելու մասին»՝ երկու տարվա ընթացքում «կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքը մարելու պարտավորությունները» չկատարելու դեպքում։
Հայաստանը վերջին երեք տարիներին անդամավճարներ չի վճարել, սակայն, համաձայն կանոնադրության, կկարողանա վերադարձնել ՀԱՊԿ-ում իր իրավունքները, եթե ամբողջությամբ մարի պարտքը։

