Թուրքիայում քաղաքացու տանը հայտնաբերվել է 187 պատմական գտածո
Թուրքիայի Իզմիր նահանգի Մենեմեն շրջանում ոստիկանության իրականացրած հատուկ գործողության արդյունքում տեղի բնակիչներից մեկի տնից առգրավվել է պատմական մեծ արժեք ներկայացնող 187 գտածո։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայտնաբերված հնագույն և միջնադարյան գտածոների շարքում են 142 հնագույն մետաղադրամ, ինչպես նաև 45 այլ իրեր՝ մատանիներ, նետերի ծայրեր և պարսատիկի քարեր։
Իրավապահների փոխանցմամբ՝ այս արժեքավոր հավաքածուն ընդգրկում է մի քանի պատմական դարաշրջան՝ արխայիկ, հռոմեական, բյուզանդական և օսմանյան ժամանակաշրջանները։
Գործողության շրջանակում տանտերը ձերբակալվել է։ Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ մշակութային ժառանգության պահպանության մասին օրենքը խախտելու մեղադրանքով։

