Մաշկը թարմ և հարթ պահելու 5 գաղտնիքներ
Ամռանն ու ձմռանը մաշկի խնամքը հատկապես կարևոր է:
1. Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից
- Այս ամառային սեզոնին մի մոռացեք պաշտպանել ձեր մաշկն արևի ուղիղ ճառագայթներից: Անպայման օգտագործեք արևի անողոք ճառագայթներից պաշտպանող քսուքներ՝ նույնիսկ մեկ օրով քաղաքից դուրս հանգիստն անցկացնելու դեպքում:
- Հնարավորինս խուսափեք առավոտյան ժամը 10-ից մինչև ցերեկվա 16-ն արևի տակ մնալուց:
Կրեք թեթև, արևի ճառագայթները չկլանող գույների զգեստներ: Զգեստի վերաբերյալ մի գաղտնիք ևս, լվացքի ժամանակ ավելացնելով փափկեցնող հեղուկներ, կտորը ձեռք է բերում արևից պաշտպանվելու ևս մի շերտ:
2. Նորից հորդորում եմ ՉԾԽԵԼ:
Ծխելն իր բազմազան վնասների շարքում բաց չի թողնում նաև մաշկին վնասելու հնարավորությունը՝ դարձնելով մաշկը կնճռոտ և ծեր: Ծխելիս մաշկի տակ գտնվող մազանոթները նեղանում են, որի հետևանքով արյան հոսքն է պակասում, ուրեմն՝ նաև սնուցող նյութերի և թթվածնի հոսքը, որոնք այնքան անհրաժեշտ են առողջ մաշկին: Ծխախոտի ծուխը քայքայում է այն բջջանյութերը (կոլագեն, էլաստեն), որոնց շնորհիվ մաշկը կարող էր դեռ երկար պահպանել իր առաձգականությունը:
3. Մաքրություն
Իհարկե, լողանալն ու լվացվելն անհրաժեշտություն են, բայց պետք չէ ժամերով մնալ ցնցուղի տակ, հատկապես, եթե ջուրն էլ տաք եք նախընտրում: Աշխատեք ջուրը քիչ տաքացնել, մանավանդ, որ ամռանը դա հնարավոր է, և արագ կազմակերպել ձեր լոգանքը, քանի որ երկար մնալով տաք ջրի տակ, մաշկի վրայի բնական յուղը մաքրվում է:
Օգտագործեք այնպիսի օճառներ, որոնք չեն չորացնում մաշկը: Փոխարենը՝ գտեք ձեզ համապատասխան կոսմետիկ մաքրող միջոցներ: Լվացվելուց հետո նրբորեն սրբվեք փափուկ սրբիչով, այնպես, որ մի փոքր խոնավություն մնա մաշկի վրա:
4. Սնունդ
Օգտագործեք առողջ սնունդ, հատկապես՝ մրգեր, բանջարեղեն՝ հարուստ վիտամին Е-ով ու C-ով:
5. Նույնիսկ փոքր սթրեսը կարող է ազդել մաշկի թարմության և տեսքի վրա: Եթե չի ստացվում հեռու մնալ կպչուն ընկճախտներից, փորձեք կառավարել դրանք:
(Ըստ Mayo Clinic-ի)
Վարդանուշ Պետրոսյան
Սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնտերոլոգ