Զելենսկին հայտնել է Լիբիայի ափերի մոտ ռուսական ռազմանավ խորտակելու մասին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական ուժերը Լիբիայի ափերի մոտ խորտակել են ռուսական «Մերկուրի» կորվետը, որը Ռուսաստանի նորագույն ռազմանավերից է և շահագործման է հանձնվել 2023 թվականին։ Գործողությունն իրականացվել է ուկրաինական արտադրության յոթ ծովային անօդաչու սարքերի միջոցով։
«Շնորհակալություն եմ հայտնում Ուկրաինայի անվտանգության ծառայության և Ուկրաինայի պաշտպանության բոլոր ուժերի զինծառայողներին, որոնք մասնակցել են այս առաջադրանքների իրականացմանը։
Երեկ և այսօր մանրամասն զեկույցներ եմ ստացել գործողության ընթացքի վերաբերյալ։ Մեր առջև դրված նպատակներն իրականացվել են։ Ամեն ինչ տեղի է ունեցել Լիբիայի ափերի մոտ», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, X-ի իր էջում գրել է Զելենսկին՝ հրապարակելով տեսանյութ։
Նա տեղեկացրել է, որ գործողության ընթացքում օգտագործվել է ուկրաինական արտադրության յոթ ծովային անօդաչու սարք։
«Չնայած հակառակորդի՝ հարվածը կանխելու բոլոր փորձերին՝ ռուսական «Մերկուրի» կորվետը խորտակվել է։
Կորվետի հետ ոչնչացվել է նաև Կա-27 մարտական ուղղաթիռը», – հայտնել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկու խոսքով՝ հարվածի մեկ այլ թիրախ է եղել ռուսական MV Angara չոր բեռնատար նավը, որն, ըստ նրա, Ռուսաստանն օգտագործել է սպառազինություն տեղափոխելու համար։

