Տաջիկստանում առաջարկել են «վաճառել» Սարեզյան լիճը
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Տաջիկստանում առաջարկել են բաց թողնել Սարեզյան լճի ջուրը, քանի որ այն Միջին Ասիային սպառնում է մասշտաբային ջրհեղեղով և վաճառել այն ջրային պաշարների կարիք ունեցող երկրների:
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Տաջիկստանի կառավարությանը կից Շրջակա միջավայրի պահպանման հանձնաժողովի ղեկավար Տալբակ Սալիմովը: Վերջինս ընդգծել է, որ եթե որևէ երկիր Սարեզյան լճի ջուրը գնելու մտադրություն հայտնի, ապա իրենք չեն առարկի դրան:
Նա հավելել է, որ լճի դատարկումը չի վնասի Տաջիկստանին, քանի որ հանրապետությունն առանց այդ էլ ունի բավականաչափ ջրային պաշարներ. «Անհրաժեշտ է հնարավորինս շուտ լուծել Սարեզի խնդիրը, քանի որ լիճը շարունակում է մնալ որպես բարձր ռիսկային գոտի: Մենք չգիտենք, թե երբ տեղի կունենա աղետը՝ այսօր, վաղը, մեկ տարի անց»:
Պամիրում գտնվող այդ լճի ջրային պաշարների ծավալը կազմում է մոտ 16 խորանարդ կիլոմետր: Լիճը ձևավորվել է 1911 թվականին գրանցված ուժեղ երկրաշարժի արդյունքում: