Բաժիններ՝

Հետևանքը կարող է լինել ՌԴ դեսպանի` խալաթով Ռուսաստան վերադառնալը (լուսանկարներ, տեսանյութեր)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց անցկացվեց բողոքի ակցիա` ի նշան դժգոհության Մոսկվայի դատարանում ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի արժանապատվության և իրավունքների ոտնահարման: Հիշեցնենք, որ բեռնատար «Կամազի» վարորդ Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել հունիսի 13-ին Մոսկվայի շրջանի Պոդոլսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ:

Բողոքի ակցիա -1

Նշենք, որ սկզբից ակցիան բավական ինքնաբուխ էր և սակավաթիվ. այստեղ էին մի քանի իրավապաշտպաններ, այդ թվում` Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, Գյումրիի Ասպարեզ ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը և մի շարք քաղաքացիներ ու լրագրողներ, ինչպես նաև նրանց շրջապատած մեծաթիվ ոստիկաններ:

Hrachya Harutyunyan (2)

Կարդացեք նաև

Մի խումբ ակտիվիստներ՝ «Վերջ տվեք ռուսական շովինիզմին» վերտառությամբ պաստառներով փորձում էին մոտենալ ՌԴ դեսպանատան շենքին, որպեսզի դեսպանատան ներսից տեսանելի լինի իրենց բողոքի ակցիան, սակայն ոստիկանները թույլ չէին տալիս՝ պատճառաբանելով, թե այդպիսով նրանք փակում են փողոցը:

Քաղաքացին պնդում էր, որ ինքը գործում է ըստ ՀՀ Սահմանադրության: Ի վերջո, միջադեպին միջամտեց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ով ոստիկանի հետ զրույցում նշեց, որ որևէ օրենք չի խախտվում, ակցիան իրականացվում է Սահմանադրության` ինքնաբուխ հավաքի մասին հոդվածի շրջանակներում:

Ակցիային միացան դժբախտ վարորդի հարազատները

«Հրաչն արել է հնարավորը, նա մեքենայից չի թռել, նա մինչև վերջ պայքարել է, որ մեքենան հնարավորինս պահի, ես համոզված եմ ասում` սա եղել է 100 տոկոսով մեքենայի անսարքության պատճառով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի եղբայրը` Հայկ Հարությունյանը: Իսկ քույրը` Սեդան, լացակումաց հիշելով Հրաչյա Հարությունյանի անցյալը` արցախյան պատերազմի մասնակցությունը, և ընդամենը մի քանի ամիս առաջ Հրաչյայի որդու մահը, պատմեց, որ եղբայրը, ունենալով առողջական խնդիրներ, ֆինանսական ծանր պայմաններից ելնելով` երեք ամիս առաջ հարկադրված մեկնել էր ՌԴ` որդու տապանաքարի համար գումար հայթայթելու նպատակով:

Սեդա Հարությունյանը ցավակցություն հայտնեց Պոդոլսկի ճանապարհին տեղի ունեցած վթարի զոհերի հարազատներին, բայց միաժամանակ հույս հայտնեց, որ դատարանը գոնե կմեղմի Հրաչյա Հարությունյանի նկատմամբ պատիժը:

«Ես դեմ չեմ, թող քննությունը գնա` ինչպես հարկն է, ոչ թե մարդու իրավունքները տրորելով… տեռորիստին բերեն դատարան` կոստյում-շալվարով, կոկիկ հագնված, իսկ դժբախտ պատահարի…բերեն կանացի խալաթով, չգիտեմ` ինչ քստիկներով, դա ճի՞շտ է, դա մարդու իրավունքների ոտնահարում չէ՞… Դա մեր դեմքն է, մեր ազգի դեմքն է, այսօր մեր իշխանությունը պետք է մտածի, որ ռուսը ոտքն իր դեմքին է դրել, ոչ թե ախպորս»,- իր հերթին ավելացրեց Հայկ Հարությունյանը:

Նվեր Ռուսաստանի դեսպանությանը` խալաթ

Մի փոքր ավելի ուշ պիկետին միացավ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը (ՆԱՈՒՄ): Երիտասարդները Հայաստանի քաղաքացու արժանապատվությունը ոտնահարելու վերաբերյալ իրենց դժգոհությունը համար իրենց հետ բերել էին նամակ և… խալաթ` մոտավորապես այնպիսին, ինչ Մոսկվայի դատարանի դահլիճում հագցրել էին մեղադրյալ Հրաչյա Հարությունյանին:

Xalat (2)

Russian Embassy856

«Ռուսաստան, մի´ նսեմացրու մարդու իրավունքները, Ռուսաստանի դեսպանատունը պետք է պաշտոնապես արձագանքի, պահանջում ենք` պաշտոնապես արձագանքե´ք ձեր Ներքին գործերի նախարարության կողմից վայրագություններին, այլապես նույն խալաթով ձեզ կճանապարհենք Ռուսաստան»,- հայտարարեց ՆԱՈՒՄ-ի ատենապետ Գերասիմ Վարդանյանը:

Վերջինս կարդաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին ուղղված նամակը, որտեղ Դաշնակցության ուսանողական և երիտասարդական միություններն իրենց ցավակցությունն են հայտնում ՌԴ-ում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետևանքով զոհված մարդկանց հարազատներին: Միևնույն ժամանակ Դաշնակցությունը խստորեն դատապարտեց ռուսաստանյան իրավապահ մարմինների լկտի պահվածքը` ՀՀ քաղաքացու նկատմամբ:

«ՌԴ իրավապահների կեցվածքը մեր կողմից ընկալվում է` որպես մարդու իրավունքների և ազգային արժանապատվության ոտնահարում»,- նշված է նամակում, որտեղ ՀՅԴ ուսանողական և երիտասարդական միությունները ՌԴ դեսպանից պահանջում են հրապարակային գնահատական տալ ՌԴ իրավապահ մարմինների գործողություններին:

Hrachya Harutyunyan (1)

«ՀՀ-ում ՌԴ կրավորական կեցվածքը Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և Հայաստանի երիտասարդական միությունների կողմից ընկալվում է որպես Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների լկտի կեցվածքի շարունակցություն, որի հետևանքը կարող է լինել Վյաչեսլավ Կովալենկոյի` խալաթով Ռուսաստան վերադառնալը»,- հայտարարեց ՆԱՈՒՄ-ի ատենապետը:

Նշենք, որ որևէ մեկն այդպես էլ դուրս չեկավ դեսպանության շենքից, և երիտասարդ դաշնակցականներին չհաջողվեց ՌԴ դեսպանատան ներկայացուցչին հանձնել ո´չ նամակը, ո´չ էլ խալաթը, իսկ ՀՀ ոստիկանները շտապեցին հայտնել, որ աշխատանքային ժամը ՌԴ դեսպանատանն ավարտվել է, և բոլորն արդեն հեռացել են, թեև դեռևս չէր լրացել ժամը 18-ը: «Մենք էդ ազգը չենք, որ նման բաներ անենք»,- քաղաքական ճառերի անցավ մեկ այլ ոստիկան, երբ ՆԱՈՒՄ-ի անդամները հայտարարեցին, որ ցանկանում են խալաթն անձամբ հանձնել դեսպանատան ներկայացուցչին:

Ի վերջո, ՆԱՈՒՄ-ի ներկայացուցիչը նամակը գցեց դեսպանատան փոստարկղը: Իսկ չարչրկված խալաթը փակցրեցին Ռուսաստանի Դաշնության հայտարարությունների ցուցատախտակին:

Հ.Գ. Այս ամբողջ պատմությունը, որը պարզապես դժբախտ պատահար անվանելն իրականում չի արտացոլում կատարվածի ողջ ողբերգականությունը, շատերին ստիպեց մտածել` թե´ Ռուսաստանի Դաշնությունում, թե´ Հայաստանում: Տուժեցին բոլորը` թե´ վարորդ Հրաչյա Հարությունյանն ու նրա հարազատները, թե´ ավտովթարի զոհերն ու նրա հարազատները: Մի երկրում հայտարարվեց սգո օր, իսկ մյուսում` Հայաստանում, կարծես թե զուտ մարդկային միջադեպն առաջացրեց հսկայական հասարակական արձագանք և ինչ-որ առումով համախմբեց ազգի գոնե մի մասին. հայն ու Հայաստանի քաղաքացին սկսեց մտածել, թե որքան վիրավորական է, երբ ստորացնում են յուրայինին, հայրենակցին:

Իսկ հյուսիսային գերտերությունում շատերը, այդ թվում` բարձրագույն գաղափարների մասին բարձրաձայնող լրատվամիջոցների ներկայացուցիչները, կարծես մոռանալով այդ երկրում ավելի քան հազար տարի առաջ ընդունված և կարծես թե գործող կրոնի` քրիստոնեության գլխավոր խորհուրդն ու գաղափարը, այսինքն` հանդուրժողականությունը, սեփական հասարակության պահանջին` քավության նոխազի փնտրտուքին ընդհառաջ, չվարանեցին, առանց կատարվածի մեջ խորամուխ լինելու, ամեն ինչ բարդել մի մարդու վրա` վերջինիս ծաղրելով ու անարգելով: Մեղադրելը հեշտ է: Միգուցե մենք էլ իրավունք չունենք նրանց մեղադրելու:

Սակայն այս ողբերգությունը, որը, միաժամանակ սպառնում է դառնալ փորձաքար միջպետական և ռազմավարական հարաբերություններում, ի թիվս բազմաթիվ քաղաքական ու դիվանագիտական հարցերի ու հարցադրումների, առաջացրեց նաև մի պարզ, մարդկային հարց` իսկ հնարավոր չէ՞ր սրանից խուսափել: Այս հարցն, ի դեպ, անմիջականորեն կապված է քաղաքական դաշտի ամենահիթային խնդիրներից մեկի հետ, որն անվանում են ահազանգ ու աղետ հիշեցնող մի բառով`արտագաղթ: Իսկ արդյոք հնարավոր չէ՞ առօրյա հացի ու (Աստված մի արասցե) տապանաքարի գումարը փորձել վաստակել սեփական երկրում` օտարների շովինիզմից ու «խալաթներից» խուսափելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս