Գիտության ոլորտի բարեփոխումների տեսանկյունից մենք ավելի առաջ ենք, քան Ռուսաստանը
ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի խոսքով՝ գիտության ոլորտի բարեփոխումների տեսանկյունից մենք ավելի առաջ ենք, քան Ռուսաստանը՝ հավելելով, որ այս իրողությունն ընդունում են նաև նրանք: Ըստ բանախոսի`Հայաստանը մի քանի տարվա ընթացքում ավելի շատ գործ է կատարել գիտության բարեփոխումների ոլորտում, քան Ռուսաստանը:
«Ռուսաստանի խնդիրը կայանում է նրանում, որ դա շատ մեծ երկիր է ու կազմված է բազմաթիվ ռեգիոններից, և յուրաքանչյուր ռեգիոնի գիտնականների պատրաստվածության մակարդակը և ընդհանրապես ժողովրդի գիտական մակարդակը շատ տարբեր է: Այսինքն` մտածել խաղի կանոններ, որը կբավարարի բոլոր ռեգիոններին, իհարկե, շատ դժվար է Ռուսաստանի համար»,- ասաց Ս. Հարությունյանը` նշելով, որ ինքը շատ լավ է հասկանում նրանց. այնտեղ`այդ հսկայական տարածքում, լուրջ բարեփոխումներ իրականացնելը բավականին ծանր աշխատանք է, իսկ Հայաստանը փոքր երկիր է, և գիտությունը հիմնականում կենտրոնացված է Երևանում:
«Ընդհանրացված խաղի կանոնների խնդիր մենք չունենք, մեր հիմնական գիտական ներուժը գտնվում է Երևանում, և շատ չնչին մասն էլ՝ մնացած շրջաններում, այնպես որ, այդ տեսանկյունից մենք բավականին շահեկան վիճակում ենք գտնվում ռուսների նկատմամբ, և մեր բարեփոխումներն այդ իսկ պատճառով ավելի արագ և ավելի արդյունավետ են»,- ասաց Ս. Հարությունյանը: Նրա խոսքով` Ռուսաստանում մինչ այժմ մեգածրագրեր չեն կարողանում իրականացնել, սակայն բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ գիտության զարգացման կարևորագույն նախանշաններից մեկը պետության՝ մեգածրագրեր իրականացնելու համարձակությունն է:
«Հայաստանն այդ համարձակությունն ունեցավ, որովհետև մենք փոքր երկիր ենք, և շատ ավելի հեշտ է այդ ամենն անել այստեղ, քան Ռուսաստանում»,- ասաց Ս. Հարությունյանը` խոսելով ՔԵՆԴԼ նախագծի աշխատանքների ընթացքի մասին: Նա նշեց, որ նախագծի առաջին փուլի` AREAL` առաջատար հետազոտությունների էլեկտրոնային արագացուցչի լաբորատորիայի կառուցման աշխատանքների վերջնական շահագործումը ծրագրված է 2013-ի սեպտեմբերին:
Նշենք, որ AREAL նախագիծն իրագործվում է Գերմանիայի DESY ու Շվեյցարիայի PSI արագացուցչային կենտրոնների հետ սերտ համագործակցությամբ, որոնք, փորձագիտական աջակցությունից բացի, անհատույց տրամադրել են բացառիկ ժամանակակից սարքավորումներ: