«Ինձ ոչ մի բան պետք չի». մահացած կնոջ ամուսինը՝ քաղաքացիական հայց ներկայացնելու մասին

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց նախորդ տարի հիվանդանոցում մահացած Հրածին Մալխասյանի գործով դատական նիստը:  Դատական նիստը հետաձգվեց, քանի որ գործով մեղադրող Արիստակես Բարսեղյանը սպայական վերապատրաստման կուրսերի էր մասնակցում: Նման պայմաններում դատավոր Վլադիմիր Գրիգորյանը որոշեց հետաձգել դատական նիստը, իսկ հաջորդը նշանակել հուլիսի 30-ին:

Մինչ նիստը հետաձգելը նախագահող դատավորը գործով ամբաստանյալ Վարուժան Մարդանյանին առաջարկեց մտածել և հաջորդ դատական նիստին կարծիք հայտնել՝ արդյոք ցանկանում է պաշտպան ունենալ, թե ոչ: Գործով տուժողի իրավահաջորդին՝ Հրածին Մալխասյանի ամուսնուն՝ Շիրակ Ասատրյանին, առաջարկվեց որոշել՝ արդյոք ցանկանո՞ւմ է քաղաքացիական հայց ներկայացնել: Վերջինս ի պատասխան ասաց. «Ինձ ոչ մի բան պետք չի»:

Հիշեցնենք, որ Վարուժան Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Երևան քաղաքի «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն ՓԲԸ Վիրաբուժագինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական կենտրոն ընդունելով Լոռու մարզի Սպիտակի շրջանի Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանին, ոչ պատշաճ կերպով է կատարել մասնագիտական պարտակունությունները, դրանց նկատմամբ դրսևորել է անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը: Սպիտակի Ջրաշեն գյուղի բնակչուհի, 20 շաբաթական հղի 43-ամյա Հրածին Մալխասյանը, հուլիսի 28-ին տեղափոխվել էր Երևանի «Գրիգոր Նարեկացի», ապա «էրեբունի» բժշկական կենտրոններ. նրա մոտ սկսվել էր արյունահոսություն, ինչից հետո հեռացվել էր արգանդը, սակայն վերջինս մահացել էր (նախորդ տարվա հուլիսի 29-ին):

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի կողմից ստեղծվել էր մասնգիտական  հանձնաժողովմահվան դեպքը ուսումնասիրելու համար: Ուսումնասիրության արդյունքները դեռևս հրապարակված չեն:

Տեսանյութեր

Լրահոս