Հռոմի պապը Թուրքիա կայցելի 2014 թվականի նոյեմբերին. Zaman

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ը պաշտոնական այցով Թուրքիա է ժամանելու 2014 թվականի նոյեմբերին: Պապն այցելելու է Ստամբուլ, սակայն ակնկալվում է, որ նա կժամանի նաև Անկարա:

Այս մասին թերթին հայտնել են Վատիկանում եղած աղբյուրները:
Վերջիններս ընդգծել են, որ այս տարվա մարտին Պոլսո Հունաց պատրիարք Բարդուղեմիոսը մասնակցել էր նոր Պապի ձեռնադրման արարողությանը, ինչից հետո նրան հրավիրել է այցելել Ստամբուլ:

Նշվում է, որ Ֆրանցիսկոս I-ն իր նոր պաշտոնում առաջին արտասահմանյան այցը կատարելու է այս ամիս և մեկնելու է Բրազիլիա: Ֆրանցիսկոս I-ի նախորդ Բենեդիկտոս XVI-ը Ստամբուլ էր ժամանել 2006 թվականի նոյեմբերի 30-ին:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի սկզբին Ֆրանցիսկոս I-ը Վատիկանում Կիլիկիայի կաթոլիկ հայերի հոգևոր առաջնորդ Ներսես Բեդրոս XIX-ի հետ հանդիպման ժամանակ հաստատել էր Հայոց ցեղասպանության հարցում ունեցած իր դիրքորոշումը՝ ընդգծելով, որ դա հանդիսանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:

Պապի այդ խոսքերը ցավագին էին ընդունվել Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից: Ի դեպ, Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Խորխե Բերգոլիոն (ով այս տարի Հռոմի պապ դառնալուց հետո ընդունեց Ֆրանցիսկոս I անունը) Թուրքիային Հայոց ցեղասպանության ճանաչման մասին կոչ է արել դեռևս 7 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին:

Տեսանյութեր

Լրահոս