
Հռոմի նորընտիր պապը 2006 թվականին Թուրքիային կոչ է արել անվերապահորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հայ-ամերիկյան Asbarez պարբերականի փոխանցմամբ՝ Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոս I-ը ժամանակին Թուրքիային կոչ է արել անվերապահորեն ճանաչել Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը:
Դա տեղի է ունեցել 2006 թվականին, երբ Բուենոս Այրեսում նշվել է Հայոց ցեղասպանության 91-ամյակը: Այդ ժամանակ Բուենոս Այրեսը ներկայացնող արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլիոն ( 266-րդ Հռոմի պապ ընտրվելուց հետո ընդունել է Ֆրանցիսկոս I անունը) Թուրքիային կոչ արեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Բերգոլիոն 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրականացված այդ իրադարձությունները որակել էր որպես հայ ժողովրդի և համայն մարդկության դեմ իրականացված ծանրագույն հանցանք:
Հիշեցնենք, որ 76-ամյա Ֆրանցիսկոս I-ը առաջին ոչ եվրոպացի Հռոմի պապն է՝ վերջին 1200 տարվա ընթացքում: