Մակրոնը զգուշացրել է Թրամփին. ԱՄՆ-ից նավթի արտահանման դադարեցումը կհանգեցնի գների աճի
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զգուշացրել է, որ ամերիկյան նավթի արտահանման դադարեցումը սխալ կլինի։ Դրա մասին Ֆրանսիայի նախագահը պատմել է շաբաթվա սկզբին ՄԱԿ-ում Թրամփի հետ հանդիպումից հետո։
«Ես նրան ասացի, որ դա վատ որոշում կլինի»,- հինգշաբթի TF1 և France 2 հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Մակրոնը։ Ըստ նրա՝ Ֆրանսիան ամերիկյան նավթից «ուղղակիորեն կախված չէ», սակայն նման քայլը «կհանգեցնի գների աճի»։
Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ դիտարկում է ԱՄՆ-ից նավթի արտահանման դադարեցման հնարավորությունը՝ մի քայլ, որը կարող է հանգեցնել ավտոլցակայաններում առանց այդ էլ բարձր վառելիքի գների էլ ավելի մեծ աճի։
Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ Թրամփի վարչակազմը դիզելային վառելիքի արտահանման վրա 90-օրյա արգելք սահմանելու մասին հրամանագրի նախագիծ է պատրաստում։

