Գագիկ Բեգլարյանը ԱԶԲ փոխնախագահին հիշեցրել է, որ ֆինանսավորումը պետք է արագացնել
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ ներկայացուցիչների հետ՝ ԱԶԲ-ի փոխնախագահ Քսիաոյու Ժաոյի գլխավորությամբ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն ուղղված հարցեր՝ մասնավորապես «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման ընթացքին ու առաջացած խնդիրների վերաբերյալ:
Քսիաոյու Ժաոն գոհունակություն է հայտնել «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման ընթացքից՝ նշելով, որ անձամբ է այցելել շինհրապարակ, ծանոթացել կատարված աշխատանքներին, տեսել, որ բետոնփռիչ մեքենան արդեն տեղադրված է և առաջիկա օրերին կսկսվի ճանապարհի մի հատվածի փորձնական բետոնափռումը։
Գագիկ Բեգլարյանը, կարևորելով ծրագրի շինարարական աշխատանքների արդյունավետ իրականացումը, նշել է, որ աշխատանքների կատարման ընթացքում խնդիրներ էին առաջացել ծրագրի ճարտարագիտական և տեխնիկական վերահսկողությունն իրականացնող «Սաֆեժ» և շինարարարական աշխատանքները կատարող «Իզոլյուքս Կորսան» ընկերությունների հետ.
«Թերություններն արդեն վերացվում են, իսկ աշխատանքների ընթացքը բարելավվել է: Ամեն բան պետք է կազմակերպել այնպես, որ սահմանված ժամկետում ունենանք լավ որակով աշխատանք»,-ասել է նախարարը:
Գագիկ Բեգլարյանը կարևորել է հետագա տրանշերի նախապատրաստական և տեխնիկական աշխատանքների արագ կազմակերպումը: Նա հիշեցրել է նախկին հանդիպումներում իր կողմից բարձրացված այն հարցը, որ ԱԶԲ-ն պետք է արագացնի Երրորդ տրանշի ֆինանսավորումը, ինչը հնարավորություն կտա իրականացնել վերջնական ծրագծի ընտրությունը և Չորրորդ տրանշը իրագործելու ուսումնասիրությունը և նախագծային աշխատանքները: