РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել
ՌԴ Պետական դումայի ընտրությունների օրը Երևանում Ռուսաստանի դեսպանատան շենքում գտնվող ընտրատեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել։ Հերթը դիվանագիտական առաքելության շենքից ձգվել է մինչև քաղաքապետարան, հաղորդում է РИА Новости-ն։
Գործակալության տվյալներով, Երևանի ժամանակով ժամը 12:00-ի դրությամբ դեսպանատանը քվեարկել է մոտ 1 հազար մարդ։
Հայաստանում ընտրություններին մասնակցելու համար կազմակերպվել է երկու ընտրատեղամաս՝ Երևանի Ռուսաստանի դեսպանատանը և Գյումրիում գտնվող գլխավոր հյուպատոսարանում։ Բացի այդ, քվեարկություն է անցկացվում Գյումրիում տեղակայված ռուսաստանյան ռազմական բազայում և Երևանում գտնվող «Էրեբունի» ավիաբազայում։
Ընտրատեղամասերը գործում են ժամը 08:00-ից մինչև 20:00-ը։ Քվեարկել կարող են 18 տարին լրացած Ռուսաստանի քաղաքացիները, որոնք մշտապես բնակվում են կամ ժամանակավորապես գտնվում են Հայաստանում։
Քվեարկությանը մասնակցելու համար նախնական գրանցում չի պահանջվում։ Ընտրական քվեաթերթիկ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել Ռուսաստանում գործող ներքին կամ արտասահմանյան անձնագիրը։

