Որտե՞ղ են թերանում ծնողները․ մայրենիին չտիրապետելը, արագախոսությունը, վախը՝ կակազության պատճառ

Կակազող մարդիկ գիտեն, թե ինչ են ուզում ասել, բայց դժվարանում են արտաբերել իրենց խոսքը։ Որո՞նք են պատճառները, ովքե՞ր են բախվում այս խնդրին։ Այս մասին 168 TV-ի «Մարդիկ» հաղորդաշարի շրջանակում զրուցել ենք լոգոպեդ Մերի Շաբոյանի հետ։

– Ի՞նչ է կակազությունը, ինչի՞ հետևանքով է զարգանում։

– Կակազությունը խոսքի տեմպի և ռիթմի խանգարում է։ Ուղեկցվում է խոսքային մկանունքի ապարատի ջղաձգմամբ։ Հետևաբար, այդ ջղաձգումները կարող են տեղակայված լինել շնչառական, ձայնային, ինչպես նաև արտաբերական ապարատում, և երբ անձը՝ երեխան կամ մեծահասակը, սկսում է խոսել՝ այս պարագայում, օրինակ, ձայնային ապարատում ձայնալարերը կարող են միանալ իրար և չառանձնանալ, և այս դեպքում արդեն երեխան կամ մեծահասակը կրկնի տվյալ հնչյունը կամ վանկը։

Եվ, իհարկե, այդ ջղաձգումները կարող են տեղակայված լինել արտաբերական ապարատի՝ լեզվի, շուրթերի, փափուկ քիմքի շրջանում։ Ինչպես նաև կարող է տեղակայված լինել արտաբերական ապարատի՝ այտերի շրջանում։ Կակազության առաջացման պատճառները բազմազան են։ Առաջինը պետք է նշեմ ժառանգական գործոնի առկայությունը։ Ինչպես նաև հոգեբանական տարբեր խնդիրների արդյունքում կարող է ի հայտ գալ կակազություն․ դրանք են՝ վախը, սթրեսը, ֆիզիկական պատիժը։

Կարդացեք նաև

Կակազության առաջացման պատճառ երեխայի մոտ կարող է լինել՝ ինչպես արագընթաց խոսքի զարգացումը, այնպես էլ՝ հապաղումը, երկլեզու, բազմալեզու միջավայրը, ուրիշի խոսքի կրկնօրինակումը։ Օրինակ, երբ շրջապատում կա կակազություն ունեցող երեխա, կարող է նրան երեխան կրկնօրինակել ու նույնպես սկսել կակազել։

Կակազություն կարող է առաջանալ նաև ներարագանդային շրջանում տարբեր ինֆեկցիոն հիվանդությունների, ինչպես նաև ծննդաբերական շրջանում տարբեր վնասվածքների հետևանքով։

– Ձեր խոսքում նշեցիք, որ պատիժը կարող է հանգեցնել կակազությանայսինքն, երբ ծնողները պատժում են երեխային, վախ է առաջանում ու հանգեցնում է այս հիվանդության առաջացմա՞նը։

– Այո, հոգեբանական տարբեր խնդիրները կարող են պատճառ հանդիսանալ կակազության առաջացման։ Ֆիզիկական պատիժը, չափից ավելի խիստ դաստիարակությունը, սթրեսը, վախը համարում ենք կակազության առաջացման պատճառներից մեկը։ Գերուրախությունը նույնպես կարող է երեխայի մոտ կակազության առաջացման պատճառ հանդիսանալ։

– Կակազելը երեխայի դեպքում մինչև ո՞ր տարիքն է նորմալ։

– Կակազությունն ունի որոշակի տարիքային շեմ։ Առանձնացնում ենք հիմնական երեք ժամանակահատված։ Հայտնի է, որ կակազությունն ավելի հաճախ արտահայտվում է 2-5 տարեկանում, և սա այն տարիքն է, երբ երեխայի մոտ ինտենսիվորեն զարգանում է կապակցված խոսքը։ Եվ ամենաչնչին բացասական գործոնի ազդեցության ներքո՝ օրինակ, տարիքին ոչ համապատասխան խոսքային նյութերով ծանրաբեռնելը, երկլեզու, բազմալեզու միջավայրը կարող են առաջացնել կակազություն։

Հաջորդն այն տարիքն է, երբ երեխան ոտք է դնում դպրոց, բավականին մեծ պահանջներ են դրվում նրա առջև թե՛ ծնողների, թե՛ մանկավարժների կողմից, և այստեղ գերծանրաբեռնվածություն է ընկնում նրա կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Պետք է ասեմ, որ երբ 6-7 տարեկանում ի հայտ է գալիս կակազություն, այն հիմքերով գալիս է ավելի վաղ տարիքից։ Գուցե 2-5 տարեկան ժամանակահատվածում երեխայի մոտ առկա են եղել որոշակի փոփոխություններ, կմկմոցներ, ալիքաձև ընթացք է եղել, կամ մերթ կակազությունն ի հայտ է եկել, մերթ՝ անցել, և մայրը կարծել է, թե իսպառ վերացել է, բայց 6-7 տարեկանում նորից կարող է ի հայտ գալ։

Հաջորդը սեռահասունացման տարիքն է, երբ դեռահասի մոտ հորմոնային փոփոխություններ են տեղի ունենում, և այս տարիքը նույնպես խոցելի է։

– Նշեցիք երկլեզու միջավայրը շատ եմ նկատում, որ այն ընտանիքներում, երբ, օրինակ, մայրը հայերեն է խոսում, հայրն օտարազգի է, երեխաները շատ վատ են խոսում։ Այս սխալն ինչպե՞ս կարելի է ուղղել։

– Երբ երեխայի մայրենի լեզուն ձևավոված չէ ամբողջությամբ, այս դեպքում չի թույլատրվում երեխային սովորեցնել երկրորդ և երրորդ լեզուները, դրա համար 2-5 տարեկան ժամանակահատվածը խոցելի է համարվում։ Այդ տարիքում, երբ դեռևս լիարժեք չի տիրապետում մայրենիին, լսելով 2-րդ և 3-րդ լեզուն, այո, նրա մոտ կարող է ի հայտ գալ կակազություն։

Ո՞րն է այն գլխավոր նշանը, որին պետք է ուշադրություն դարձնի ծնողն ու հասկանա, որ երեխայի մոտ զարգանում է կակազություն։

Կակազության առաջին ախտանիշներից սկսած ծնողները պետք է զգոն լինեն և դիմեն մասնագետի։ Առաջինը խոսքային ջղաձգումներն են, երբ երեխայի մոտ տեղի է ունենում հնչյունի կամ վանկի կրկնում։ Երեխան կարող է կիրառել օգնող միջոցներ՝ հարվածի սեղանին, ոտքին, որպեսզի խոսքն ավելի սահուն լինի։ Երեխաները փոխում են նաև բառերի տեղերը։ Երբ տարիքին ոչ համապատասխան խոսքային նյութով ենք երեխային ծանրաբեռնում, 2-3 տարեկանում բարդ բանաստեղծություններ է արտասանում, հեքիաթներ է պատմում, որոնք իր համար դժվար են, կարող են կակազության առաջացման պատճառ հանդիսանալ։ Արագախոսությունը կակազության հենքն է համարվում։ Երեխային պետք չէ տարիքին ոչ համապատասխան նյութերով ծանրաբեռնել։

– Չափահասների դեպքո՞ւմ ինչու է զարգանում կակազություն։

– Օրինակ, տարբեր, թեկուզև կարճատև տրավմաները, հուզական լարված վիճակները կամ գանգուղեղային վնասվածքները կարող են կակազության առաջացման պատճառ հանդիսանալ։

– Սթրեսի հետևանքով առաջացող կակազությունն ինքնուրույն անցնո՞ւմ է, թե՞ կրկին բուժում է անհրաժեշտ։

Այո, սթրեսի հետևանքով կարող ենք ունենալ կակազություն, և պետք չէ դիմել ինքնաբուժության, այլ անհրաժեշտ է դիմել մասնագետի։ Կակազությունը կարող է բերել տարբեր հոգեբանական խնդիրների․ ինքնամեկուսացում, ինքնագնահատականի հետ կապված խնդիրներ, սակայն անկախ մասնագետների քանակից՝ այստեղ իր ուրույն տեղն ունի ընտանիքը, ծնողի իրազեկվածության մակարդակը։

– Կակազությունը վերջնական բուժվո՞ւմ է, թե՞ խոսքն ուղղակի մի փոքր սահուն է դառնում։

-Գոյություն ունեն տարբեր մեթոդներ, որոնց միջոցով կարող ենք կակազությունն իսպառ վերացնել։ Սա բավականին դժվար աշխատանք է, երկար ժամանակահատված է պահանջում։

– Ինչի՞ հետևանքով և ո՞ր հնչյուններն են սխալ արտաբերում։

Հիմնականում հնչյունները փոխարինում են, բաց են թողնում կամ աղավաղում են։ Հիմնականում սխալ են արտաբերում կ-գ-ք հնչյունները, որոնք փոխարինում են դ-տ-թ-ով։ Ինչպես նաև ս, զ, ձ, ծ, ց, շ ժ, ջ, ճ, չ, լ, ռ, ր հնչյունները։ Հիմնականում 16 հնչյուն կարող է տուժել։

Հնչյուների սխալ արտաբերումը պաթոլոգիա ենք համարում 5 տարեկանից հետո։ Մինչև 5 տարեկանը երեխայի խոսքի հնչյունային կողմը դեռևս զարգացման փուլում է գտնվում և ամբողջությամբ ավարտվում է 5 տարեկանում։ Սակայն 5 տարեկանը լրանալուն պես, եթե նույնիսկ մեկ հնչյուն է սխալ արտաբերում, ապա դա արդեն պաթոլոգիա ենք համարում։

Եթե չեն դիմել մասնագետի, ու անձը մեծացել է  ռ-ր-ի կամ այլ հնչյունների սխալ արտաբերմամբ, դա բուժվո՞ւմ է մեծ տարիքում։

– Մեծ տարիքում ևս կատարում ենք հնչյունների շտկում։ Բազում դեպքեր են եղել, երբ ծնողը երեխային է բերել հնչյունները շտկելու, այնուհետև սկսել ենք աշխատել ծնողի հետ։

Հնչյունների սխալ արտաբերումը կարող է ի հայտ գալ մեծ տարիքում, և դա պայմանավորված լինի տարբեր վնասվածքներով․ ատամնաշարի, լեզվի և այլ խնդիրներով։

– Եթե մի քանի հնչյուն սխալ են արտաբերում, դրանցով «համեմված» տեքստ եթե կարդան, պատմեն, խնդիրը կլուծվի՞։

– Ոչ։ Հնչյունների շտկումն ունի հստակ մեխանիզմ։ Առաջինը պետք է իրականացվեն արտաբերական ապարատի վարժություններ, ապա սովորեցնում ենք, թե ինչպես պետք է արտաբերել տուժած հնչյունը։

Շտկման այս գործընթացը շատ անհատական է։ Կարող ենք այցելուներ ունենալ և մեկ հնչյունը շտկել 1-2 օրում, սակայն այդ նույն հնչյունն այլ այցելուի հետ 1-2 ամսում կարող ենք շտկել։ Կարևոր է, որ այցելուն համագործակցի մասնագետների հետ, վարժությունները, հրահանգները, որոնք տրվել են՝ կատարի նաև տանը։

Հաճախ, երբ երեխան թոթովախոսում է, դա ծնողներին դուր է գալիս ու նույն ձև են սկսում խոսել, և ակամայից փոխվում է երեխայի լեզվի դիրքը։ Օրինակ, երբ պետք է ասի «շուն»՝ փոխում է՝ ասելով «սուն»։ Լեզուն իջեցնում է ներքև, և մայրիկին դուր է գալիս թոթովախոսել ու, արդյունքում, երեխան սխալ է սկսում արտաբերել։ Երեխաների հետ պետք է ճիշտ խոսել, որպեսզի նրանց լսողությունը ճիշտ ձևավորվի, որպեսզի հնչյուններն էլ ճիշտ արտաբերեն։

Երբ երեխան ունենում է որոշակի բառեր ու ընտանիքն է միայն հասկանում, չի թույլատրվում, որ ծնողներն այդ նույն բառով խոսեն երեխայի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930