Ազատամարտիկները՝ Արտակ Բուդաղյանին մեղադրանք առաջադրելու մասին
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով հարուցված քրեական գործի շրջանակներում երեկ մեղադրանք է առաջադրվել հրամանատար Արտակ Բուդաղյանին: Լրագրողներն այսօր ասուլիս հրավիրած ազատամարտիկներից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս են գնահատում Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրելու փաստին:
Ազատամարտիկ Գևորգ Տեր-Գևորգյանն ասաց, որ համազգեստ հագած մարդու նկատմամբ ոտնձգությունը միանշանակ դատապարտելի է: «Ես համոզված եմ, որ համապատասխան պատիժ կունենա: Ես չէի ասի, որ զինվորականներն անպաշտպան են»,- ասաց նա՝ նշելով, որ կատարվածը հետևանք է այն բանի, որ մինչև հիմա չի ձևավորվել հարգանք համազգեստի նկատմամբ:
Որպես օրինակ նշելով «Հարսնաքար» ռեստորանային համալիրում և Գորիսում կատարված դեպքերը, քանի որ երկու դեպքերն էլ կապվում են պաշտոնյաների հետ, լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք տվյալ դեպքում ուժեղի և թույլի խնդիր կա՞:
«Ես չեմ կարծում՝ ուժեղի-թույլի խնդիր կա: Այն, որ այդ մարդիկ իրենց անպատժելի են զգում, դա փաստ է, բայց ուժեղի-թույլի խնդիր չի: Նույն Սյունիքի դեպքում: Չի կարելի ասել, որ մեր զինվորականը թույլ կողմ էր: Նա, իմ կարծիքով, հենց այն պինդ տեսակից էր»,- ասաց Գևորգ Տեր-Գևորգյանը:
Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանն էլ ասաց, որ խնդիրն այն է, որ ոչ ոք իրավունք չունի ձեռք բարձրացնել զինվորականի վրա: Ազատամարտիկ Տիգրան Կարապետյանի խոսքով՝ դեպքը, իր կարծիքով, միմյանց սխալ հասկանալու պատճառով է տեղի ունեցել: