Հայաստանը հավանություն է տվել ԵԽ ահաբեկչության կանխարգելման կոնվենցիայում փոփոխություններ կատարելու մասին առաջարկին
Կառավարությունը նախօրեին չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց «Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու նախագիծը։ Այն ներկայացրել էր ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը։
Այս արձանագրությունը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից ընդունվել է 2025 թվականի հուլիսի 9-ին և ստորագրման համար բաց է 2026 թվականի մայիսի 26-ից:
«Նպատակն է հասնել ավելի մեծ միասնության Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև: Արձանագրությամբ կամրապնդվի Կոնվենցիայի Կողմերի ջանքերը կանխելու ահաբեկչությունը՝ որպես միջազգային խաղաղությանը, անվտանգությանը և քաղաքացիների բարեկեցությանը Եվրոպայում և ամբողջ աշխարհում սպառնացող ամենալուրջ սպառնալիքներից մեկը, ինչպես ազգային մակարդակով ձեռնարկվող միջոցառումների, այնպես էլ միջազգային համագործակցության միջոցով։
Մասնավորապես, ներկայումս Կոնվենցիայի 1-ին հոդվածով հստակ սահմանված չէ «ահաբեկչական հանցագործություն» հասկացությունը, հետևաբար, մի շարք հանցագործություններ, որոնք իրենց բնույթով կարող են համարվել ահաբեկչական, չեն ընկնում «ահաբեկչական հանցագործություն» շրջանակի մեջ»,- ասվում է նախագծի առաջարկի մեջ։
Ըստ այդմ՝ նաև նշվում է, որ արձանագրության ստորագրումը հնարավորություն կտա դիմակայել ժամանակակից և ապագա հակաահաբեկչական մարտահրավերներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոնվենցիայի և դրա լրացուցիչ արձանագրության ընդունումից հետո ահաբեկչության դեմ պայքարում ի հայտ են եկել նոր տեխնոլոգիաներ:
ԱԱԾ-ն հավաստիացրել է, որ այս ուղղությամբ իրականացվելու են ՄԱԿ-ի, ԱՊՀ-ի, ԵՄ-ի, ՀԱՊԿ-ի, շահագրգիռ միջազգային և միջպետական այլ կառույցների, ինչպես նաև գործընկեր պետությունների իրավասու մարմինների հետ ոլորտային համագործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը։
Արձանագրությունն արդեն ստորագրել են ԵԽ անդամ 12 պետություններ (ներառյալ՝ Բելգիա, Մոլդովա, Շվեդիա, Ֆինլանդիա, Ուկրաինա, Լատվիա)։

