Կրելով մեր խաչը՝ ոչ միայն պարանոցին
Ամեն առավոտ՝ տանից դուրս գալիս, ձեռքի մի շարժումով ամրացնում ենք մեր պարանոցին խաչը՝ որպես քրիստոնեական հավատքի խորհրդանիշ և զարդ: Մենք կրում ենք մեր խաչը՝ մեր զարդը և մեր պահպանիչ խորհրդանիշը, սակայն երբևէ մտածե՞լ ենք այս երկիմաստ խոսքի մասին՝ «խաչը կրել»:
Քրիստոս ասում է․ «Եթե մեկն ուզում է գալ իմ հետևից, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից» (Մատթ. 16:24)։ Մենք բոլորս, վերցնելով մեր խաչերը, հետևում ենք Քրիստոսին՝ անցնելով կյանքի փորձություններով:
Մեր խաչը երբեմն մեծ ու տեսանելի չէ։ Այն կարող է լինել շատ սովորական թվացող երևույթ։ Տևական մի հիվանդություն, որի դեմ ստիպված ենք պայքարել ամեն օր։ Տանը, ընտանիքում ստեղծված դժվարություն, վեճ, որի լուծումը պետք է տալ։ Ֆինանսական բարդ իրավիճակ, որը պետք է հաղթահարել: Մարդկային հարաբերություն, որից հեշտ չէ հեռանալ, բայց որի մեջ անհրաժեշտ է մնալ և մնալով սովորել ներել։ Աշխատանք, որը մեզանից պահանջում է ազնվություն, նույնիսկ երբ անազնիվ ճանապարհը ավելի հեշտ ու շահավետ է թվում։
Եվ երբեմն մեր խաչը հենց մեր կողքին գտնվող մարդն է, որին սիրելու, հասկանալու և որի հանդեպ համբերատար լինելու անհրաժեշտություն կա:
Սակայն երբեք պետք չէ մտածել, որ Խաչը ցավի խորհրադնիշն է: Խաչը խորհրդանիշն է փրկության ու հույսի: Մեր խաչը կրելը դեռ չի նշանակում ապրել մշտական տրտմության մեջ կամ մտածել, թե քրիստոնյան պարտավոր է լուռ ընդունել ամեն ինչ։ Խաչը կրել նշանակում է դժվարության մեջ անգամ չկորցնել Աստծուն, չկորցնել սերը, չկորցնել մարդու հանդեպ բարությունը և չհրաժարվել ճշմարտությունից։
Մենք կարող ենք խաչը կրել պարանոցին և միաժամանակ չկրել այն մեր սրտում։ Որովհետև խաչը միայն այն նշանը չէ, որը մարդիկ տեսնում են մեր կրծքին։ Խաչը նաև այն ընտրությունն է, որը ոչ ոք չի տեսնում։ Եվ հենց այդ ամենօրյա անտեսանելի ընտրությունների մեջ է հաստատվում մեր հավատքը ամեն օր։

