Աղետ՝ մեկ բառով ասեմ, ինչ է լինելու մեր երկրի հետ Տիգրանաշենը հանձնելուց հետո. Փաշինյանը հանձնման անոսն է անում». Դավիթ Ջամալյան
Ըստ Նիկոլ Փաշինյանի, եթե հայկական Տիգրանաշենը չանվանի «Քյարքի», ապա դա նշանակում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի Ջերմուկում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից օկուպացված տարածքներից։
«Ես ասել եմ՝ Քյարքի, արձանագրելով, որ կա այդպիսի տարածք։ Ես ասել եմ, որ 29 743 քառակուսի կիլոմետր տարածքը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքն է, այդ թվաբանության մեջ չեն մտնում անկլավները։ Եթե սրա հետ չենք առերեսվում, նշանակում է, որ ասում ենք՝ ՀՀ տարածքը 29 743 քառակուսի կիլոմետր չէ. սա նշանակում է անուղղակի պատերազմ հայտարարել Ադրբեջանին։Ես ինչո՞ւ եմ այս ամենն ասում՝ արժանանալով ձեր հանդիմանական հայացքներին, քննադատություններին, հերթական դավաճանության ու հողատվության մասին պնդումներին, մազոխի՞ստ եմ։ Ես սա անում եեմ վտանգը չեզոքացնելու համար։
Ավելին ասեմ՝ մենք այս պահին Ադրբեջանի հետ քննարկում չունենք այս թեմայով։ Եթե մենք այսօր չասենք Քյարքի, նշանակում է, որ Ջերմուկի օկուպացված տարածքներից հրաժարվում ենք»,- Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով Տիգրանաշենը հանձնելու անոնսն արեց։
«Նիկոլ Փաշինյանի որևէ խոսքի չպետք է հավատալ։ Վստահ եմ՝ նա այժմ պատրաստում է Տիգրանաշենը հանձնելու ինֆորմացիոն ֆոնը և իրեն բնորոշ մանիպուլյատիվ հնարքներով է այդ ամենն անում։
Ավելին՝ որևէ մեկը չպետք է պատրանք ունենա առ այն, թե թուրքը կամովին կարող է մեզ որևէ բան հետ վերադարձնել՝ կապ չունի՝ փոխանակման տրամաբանությամբ, թե բանակցությունների արդյունքում։ Աստված տա՝ բանը դրան չհասնի, բայց եթե ամեն ինչ գնա Փաշինյանի սցենարով, Տիգրանաշենը կհանձնվի, իսկ Ջերմուկի օկուպացված տարածքներից Ադրբեջանը դուրս չի գա։ Տիգրանաշենը կհանձնի, բայց Ադրբեջանը Արծվաշենը չի տա։ Այս տրամաբանությունը, թե Հայաստանը պետք է զիջի, որ ինչ-որ բաներ պահի, չի աշխատում, քանի որ միայն ու միայն հանձնում է, փոխարենը՝ ոչինչ չի ստանում։
Սթափ մտածող մարդը հստակ պետք է իմանա, որ այս մանիպուլյացիաները միտված են Տիգրանաշենը հանձնելու համար կեղծ լեգիտիմության ֆոն ստեղծելուն։
Ինչ է լինելու Տիգրանաշենը հանձնելուց հետո մեր երկրի հետ, մեկ բառով ասեմ՝ աղետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Ջամալյանը։
Ըստ փորձագետի՝ Նիկոլ Փաշինյանը միշտ էլ կարող է հակադարձումներ բերել, ասելով, թե «Տիգրանաշենը կհանձնենք ու շրջանցող ճանապարհներ կկառուցենք»։ Իհարկե, կա Վեդիի ճանապարհը, որը հասնում է Տիգրանաշեն ու մի քիչ էլ անցնում է։ Սակայն այդ շրջանցող ճանապարհի գոյությունը չի հիմնավորում կամ ենթադրում Տիգրանաշենի հանձնումը. այս տրամաբանությամբ մի օր Հայաստանից գրեթե ոչինչ չի մնալու։
«Տիգրանաշենը հանձնելուց հետո այդ տեղով ճանապարհը դադարելու է գործել, ինչպես հիմա չի գործում Գորիս-Կապան ճանապարհի 21-րդ կիլոմետրի հատվածը։ Այսինքն՝ աղետ է լինելու՝ այդ վայրում տեսնելու ենք ադրբեջանական պլացդարմ և լրջագույն խնդիր ենք ունենալու Հայաստանի հարավը երկրի հիմնական հատվածին կապելու հետ։
Առավել ևս, եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այս հարցով դեռ քննարկում չկա Ադրբեջանի հետ, ինչո՞ւ է դրա մասին խոսում։ Ակնհայտ է, որ տեղեկատվական ֆոն է ստեղծում, փորձում է հանրային տրամադրություններ ստուգել ու հանրային աջակցություն ստանալ»,- շեշտեց Դավիթ Ջամալյանը։
Շարունակելով՝ մեր զրուցակիցը նաև ասաց, որ Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու համար ավելի խոտոր ճանապարհ է ընտրել, և որևէ մեկը թող պատրանք չունենա, թե եթե Ադրբեջանի հետ չկա քննարկում, ուրեմն հանձնումը սարերի հետևում է։
«Փաշինյանը թուրքական անուններով է կոչել այն տարածքների անունները, որոնք պատրաստվում է հանձնել։ Այստեղ էլ մենք տեսնում ենք պատերազմի շանտաժի ֆոն։ Մի պահ էլ գալու է, որ անմիջապես սպառնա պատերազմով, որպեսզի հանգիստ իր գործն անի։
Հատուկ մեկ բան էլ ասեմ. վերջին ռեպրեսիվ թափանիվը Երկրորդ և Երրորդ նախագահների, լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի հանդեպ խոսում է իշխանության շատ թուլացած լինելու մասին։
Ուղղակի իմ աջակցությունն եմ հայտնում նախագահներին ու Անդրանիկ Մարգարյանի ընտանիքին. պատկերացնում եմ՝ ինչ ծանր ապրումներ են ունենում մարդիկ նման գործողությունների պատճառով»,- ընդգծեց Դավիթ Ջամալյանը։

