Սոֆիայում անցկացված հակակառավարական ակցիային մասնակցել է 3000 մարդ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր Սոֆիայում տեղի է ունեցել բողոքի հերթական ակցիան` ընդդեմ Բուլղարիայի կառավարության քաղաքականության: Հանրահավաքին հավաքվել է մոտ 3000 մարդ: Այս մասին հայտարարել է Բուլղարիայի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը:
Ցուցարարները պահանջել են Պլամեն Օրեշարսկու գլխավորած նախարարների կաբինետի անհապաղ հրաժարական: Սոֆիայի բազմաթիվ կենտրոնական փողոցները փակվել են ավտոտրանսպորտի շարժման համար:
Միևնույն ժամանակ Սոֆիայում անցկացվել է կառավարության համակիրների հանրահավաքը, որին մասնակցել է մոտ 150 մարդ: Պլովդիվում անցկացված հակակառավարական ակցիային մասնակցել է մոտ 200 մարդ: Բուլղարիայում բողոքի ակցիաները մեկնարկել են հունիսի 14-ին: