Իրանը հայտնում է՝ Օմանի հետ բանակցությունները շարունակվում են
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Օմանի հետ բանակցությունները շարունակվում են:
«Օմանի հետ բանակցությունները ձգձգվում են՝ հարցի բարդության, բազմաթիվ կողմերի ներգրավվածության և գործընթացը խաթարել փորձող երկրների պատճառով»,- ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը նաև Պարսից ծոցի ջրերի աղտոտման համար մեղադրել է տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական գործողություններին:
«Շրջակա միջավայրին հասցված այս վնասը պայմանավորված է ԱՄՆ-ի ռազմական ներկայությամբ և վերջին հինգ տասնամյակների ընթացքում տարածաշրջանում նրա վարած պատերազմներով», – ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Էսմայիլ Բաղային։
«Պարսից ծոցի և Օմանի ծովի շրջակա միջավայրին հասցված վնասը կապված չէ միայն այս պատերազմի հետ»,- ընդգծել է Բաղային:
Իրանը հայտնում է, թե «տրիլիոնավոր դոլարների» վնաս է հասցվել:
Անցյալ շաբաթ Իրանը փոխհատուցում պահանջեց այն բանից հետո, երբ Հորմուզի նեղուցում նավթի արտահոսքը հասել էր Քեշմ կղզի՝ վնասելով լողափերին և անտառներին:
Այդ ժամանակ Բաղային, վկայակոչելով նախնական տվյալները, նշել էր, որ արտահոսքի աղբյուրը «օտարերկրյա բեռնատար նավն» է։ Ավելի ուշ Իրանի պաշտոնյաները հայտնել էին, որ նավթի արտահոսքը «ամբողջությամբ մաքրվել է»։
AFP-ի ավելի վաղ անցկացրած հետաքննությունը պարզել էր, որ նավը պայթյունների հետևանքով վնասվելուց հետո շաբաթներ շարունակ անշարժ մնացել էր Օմանի Ալ-Քիբլիյա կղզու մոտ։

