Եթե մի 50.000 հնդիկ միգրանտ գա Հայաստան, պատկերացնո՞ւմ ես՝ քո հանրության համար ինչպիսի ժողովրդագրական կոլապս կարող է առաջացնել դա. Դավիթ Անանյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը՝ «Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյանը, խոսեց նաև՝ ինչպես միգրանտների նկատմամբ վերահսկողության պակասի վտանգների, այնպես էլ՝ Վեհափառ Հայրապետի դեմ սկսված նոր գրոհի մասին։

«Եթե մի 50 000 հնդիկ միգրանտ գա Հայաստան, պատկերացնո՞ւմ ես՝ քո հանրության համար ինչպիսի ժողովրդագրական կոլապս կարող է առաջացնել դա։ Մենք, մեր երկիրն՝ իր ներքին համակարգերով, վերահսկողական համակարգերով, պատրաստ չէ ընդունելու որևէ միգրանտ։ Եվ ենթադրում ենք, չէ՞, որ այդ միգրանտները, որոնք գալիս են, լավ օրից չէ, որ գալիս են, այսինքն՝ այդ մարդիկ կրթության խնդիր են ունեցել, բռնությունների ենթարկվել, այդ մարդիկ չքավոր են, ունեցվածք չունեն։ Այսինքն՝ միգրանտները, որոնք հիմա այլ երկիր են տեղափոխվում, իրենց համար կենցաղային և սոցիալական լավ պայմաններ են փորձում գտնել»,- ասաց Դավիթ Անանյանը:

Վերջինս նկատեց՝ երբ ռուս բիզնեսմեններ եկան Հայաստան, ինչ-որ չափով նաև դրական համարեցինք, որովհետև գալիս են միջինից բարձր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող բիզնեսմեններ, և նաև հանրության առումով որոշակի աշխուժություն ստեղծվեց, չէ՞, էդ նույնը չի լինելու։ Գալու են կրթական ցենզից ցածր ցենզ ունեցող, կրթություն չունեցող, սոցիալական առումով ցածր խավի այնպիսի մարդիկ, որոնք մեզանից մեր երկրում ունենալու են որոշակի պահանջներ։

Կարդացեք նաև

«Ես ավելի շատ հիմա մտահոգվում եմ, որ մենք ներքին վերահսկողական համակարգեր ուղղակի չունենք։ Հայաստանը հյուրընկալ երկիր է, տարբեր ազգեր կարող են գալ, ուզում են ապրել՝ թող ապրեն, բայց պետք է լինի վերահսկողություն, ժողովրդագրական առումով վերահսկողություն, ռիսկերի գնահատում։ Ամեն դեպքում նաև մենք՝ որպես պետություն, դեռ մեր ներքին հարցերը չենք կարգավորել, մենք դեռ մեր աղքատության հետ կապված խնդիրները, դեռ մեր հարևան երկրների հետ մեր սահմանային հարցերը չենք վերջնական տեսքի բերել, մենք դեռ պետականության հետ կապված ռիսկերը չենք չեզոքացրել ու միգրանտներ ենք ընդունում»,- ասաց քաղաքական գործիչը:

Ինչ վերաբերում է Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի դեմ գրոհի նոր ալիքին, Դավիթ Անանյանն ասաց՝ բոլորս պետք է համախմբվենք մեր ազգային միակ ինստիտուցիոնալ կառույցի և Վեհափառ Հայրապետի շուրջ։ 

«Աներկբա է, այստեղ ասելիք չկա, և, այո՛, բոլորս պետք է դրա մասին ազդարարենք, դրա մասին խոսենք։ Նույնիսկ մղձավանջում չէիր պատկերացնի՝ սրանից 10 տարի առաջ մեկն ասեր, որ՝ գիտե՞ք, գալու է ժամանակ, երբ Վեհափառ Հայրապետը ներգրավվելու է՝ որպես գործով մեղադրյալ։ Պատկերացրեք՝ էդ արտահայտությունը մի 10 տարի առաջ ինչ-որ մեկն աներ, ու կասեին՝ սա խելագարվել է։ Մենք հասել ենք դրան։ Սա պատվեր է:

Թուրքական ավանդազրույցներում «քեշիշ բաբան» չար ուժերին բնորոշ երևույթ է, և այո՛, իրենց պետական, կրթական համակարգերով հայ հոգևորականը համարվում է չարիք իրենց համար։ Հիմա, ըստ էության, նաև պատկերացնում եմ, որ եվրոպական որոշ չինովնիկներ էլ կլինեն, որոնք կլինեն այդ պատվիրատուների շարքում, որովհետև Հայ Առաքելական եկեղեցին շատ ու շատ կուլիսներում ներկայացնում են՝ որպես աղանդ, այդ թվում նաև՝ եվրոպական։ Հետևաբար, մենք դեռ իրական պատվիրատուների ամբողջ շարքը կարող է չգիտենք, բայց, այո՛, սա պատվերով իրականացում է, որը նաև համընկնում է նրա անձնական շահերի հետ։

Մենք՝ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներս, բոլորս, ովքեր մեզ համարում ենք հայ քրիստոնյա, սա ոչ թե պետք է դիտենք Հայոց հայրապետի դեմ ուղղված գործողություն, այլ մեր ինքնութենական հիմքերին հարված՝ միտումնավոր հարված, որտեղ Հայ Առաքելական եկեղեցին միակ ինստիտուցիոնալ կառույցն է, որ մնացել է՝ իր 1700-ամյա պատմությամբ, և որը միշտ մեզ պահել է, մեր դիմագիծը պահել է և ինքնութենական առումով մեր ամենակարևոր հենասյուներից մեկն է, եթե ոչ՝ ամենակարևորն այս պահին։

Կոչ եմ անում մեր հանրությանը, մեր եղբայրներին, մեր քույրերին՝ ուշադիր լինեն, հետևեն իրադարձությունների զարգացմանը, և բոլորով պետք է կանգնենք Հայ Առաքելական եկեղեցու շուրջ, կողքին լինենք, պատվար կանգնենք Վեհափառ հայրապետին և մեր հավատին»,- եզրափակեց Դավիթ Անանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31