Արևմուտքը փորձում է Վրաստանը ներքաշել Անդրկովկասում արյունալի արկածախնդրության մեջ. ՌԴ ԱԳՆ
Արևմուտքը, Կիևը և Վրաստանի արմատականները փորձում են Թբիլիսին ներքաշել Անդրկովկասում արյունալի արկածախնդրության մեջ։ Այս մասին 2008թ. օգոստոսյան հակամարտության տարելիցին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:
ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ նշվում է, որ ՌԴ-ն կոչ է անում ուժի չկիրառման մասին համաձայնագրեր մշակել Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի միջև՝ զինված հակամարտության կրկնումից խուսափելու համար: Գերատեսչությունը նաև ընդգծել է երկրների միջև սահմանազատում անցկացնելու կարևորությունը։
«Այդ խնդիրները հատուկ նշանակություն են ստանում Արևմուտքի, Կիևի նացիստական ռեժիմի և վրացական արմատական քաղաքական ուժերի փորձերի ֆոնին՝ Թբիլիսին ներքաշել Հարավային Կովկասում նոր արյունալի արկածախնդրության մեջ», – ասված է հաղորդագրության մեջ:
Վրաստանը «Գրադ» համազարկային կրակի կայանքներից 2008 թվականի օգոստոսի լույս 8-ի գիշերը գնդակոծության է ենթարկել Հարավային Օսեթիան։ Վրացական զորքերը հարձակվել են Հանրապետության վրա և ավերել նրա մայրաքաղաք Ցխինվալը։ Ռուսաստանը, ի պաշտպանություն Հարավային Օսեթիայի բնակիչների, որոնցից շատերն ընդունել էին ՌԴ քաղաքացիություն, զորք է մտցրել Հանրապետություն և հինգ օր տևած մարտական գործողություններից հետո այնտեղից դուրս մղել վրացի զինվորականներին։ Նույն թվականի օգոստոսի 26-ին Մոսկվան ճանաչել է Հարավային Օսեթիայի և մեկ այլ նախկին վրացական ինքնավարության՝ Աբխազիայի ինքնիշխանությունը։ Ռուսաստանի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ այդ ճանաչումն արտացոլում է առկա իրողությունները և վերանայման ենթակա չէ։ Վրաստանը նախկինի պես չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը՝ դրանք համարելով իր տարածաշրջանները։

