Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր և վաղը երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օգոստոսի 1-5-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,–զգուշացնում էն ՀՀ ՇՄՆ–ից։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 1-5-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Վաղը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մինչև օգոստոսի 5–ը երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։

