ԵՄ-ն ցանկանում է 150 միլիարդ եվրոյի ապրանք ազատել ամերիկյան մաքսատուրքերից

Եվրահանձնաժողովն ԱՄՆ-ին է փոխանցել այն եվրոպական ապրանքների ցանկը, որոնք կարող են ազատվել 15-տոկոսանոց մաքսատուրքերից։ Այս տուրքերը սահմանվել էին Բրյուսելի և Վաշինգտոնի միջև 2025 թվականին ստորագրված առևտրային համաձայնագրի շրջանակում, հայտնում է Euronews-ը։

Ցանկում ներառված են հարյուրավոր ապրանքատեսակներ, այդ թվում՝ ռոքֆոր պանիրը, ձիթապտղի յուղը, գինին, թունդ ալկոհոլային խմիչքներն ու գարեջուրը, մակարոնեղենը, բժշկական սարքավորումները, էլեկտրատեխնիկան և մեքենաշինական արտադրանքը։

2025 թվականի հուլիսին՝ շաբաթներ տևած առևտրային վեճերից հետո, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնության են եկել շոտլանդական Թերնբերիում։ Ըստ այդմ՝ եվրոպական կողմը համաձայնել է, որ ԱՄՆ-ն 15% մաքսատուրք սահմանի ԵՄ արտահանման վրա, և փոխարենը չեղարկել է ամերիկյան արդյունաբերական ապրանքների համար գործող սեփական տուրքերը։

Այս տուրքերից բացառություններ անելու շուրջ բանակցություններ սկսելու մասին նշվել է նաև 2025 թվականի օգոստոսին Բրյուսելի և Վաշինգտոնի հրապարակած համատեղ հայտարարության մեջ, սակայն ԱՄՆ-ը հրաժարվել է նստել բանակցությունների սեղանի շուրջ, քանի դեռ ԵՄ-ն չի նվազեցրել ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը։

Այժմ, երբ ԵՄ պատգամավորները մայիսին հաստատել են համաձայնագիրը, իսկ Բրյուսելը հուլիսի 1-ից չեղարկել է իր մաքսատուրքերը, Եվրահանձնաժողովն ակնկալում է հասնել ամերիկյան 15-տոկոսանոց տուրքերից որոշ ապրանքների ազատմանը։

Համատեղ հայտարարության մեջ նշվել է, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն «կդիտարկեն» իրենց տնտեսությունների և արտադրական շղթաների համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքների նկատմամբ մինչև 2025 թվականը գործող մաքսատուրքերը կիրառելու հնարավորությունը։ Դրանք միջինում կազմել են մոտ 3,3%։

2025 թվականից ի վեր ԵՄ երկրներն ակտիվորեն լոբբինգ են անում Եվրահանձնաժողովում (որն իրենց անունից վարում է առևտրային բանակցությունները)՝ փորձելով բացառություններ ապահովել ԱՄՆ արտահանվող իրենց հիմնական ապրանքատեսակների համար։

Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան համառորեն պայքարում են գինու համար առավել նպաստավոր մաքսատուրքեր սահմանելու ուղղությամբ։

Երեքշաբթի օրը ԵՄ առևտրային հարցերով ներկայացուցիչ Մաթիաս Յուրգենսենը Եվրախորհրդարանի պատգամավորներին հայտնել է, որ ներկայացված ցանկն ընդգրկում է շուրջ 150 միլիարդ եվրոյի եվրոպական արտահանում։

Նրա խոսքով՝ այդ ապրանքները կա՛մ «զգալի տնտեսական նշանակություն» ունեն ԵՄ-ի համար, կա՛մ «սահմանափակ չափով են ներկայացված» ԱՄՆ ներքին շուկայում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031