Իրանի խորհրդարանի խոսնակը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից փոխըմբռնման հուշագրի խախտումը
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը խստորեն դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից իրանական կողմի հետ կնքված փոխըմբռնման հուշագրից հրաժարվելը: Telegram-ում արված գրառման մեջ նա հայտարարել է, որ փոխըմբռնման հուշագիրը իմաստ ունի միայն այն դեպքում, երբ դրա դրույթները վավեր են և գործում են։
«Մեր զինված ուժերը, ինչպես միշտ, լիովին ազատ են գործելու՝ թշնամու ագրեսիային հակազդելու համար»,- նշել է նա։
Ղալիբաֆի համոզմամբ՝ Իրանը Միացյալ Նահանգների դեմ մղում է «կենսական և գոյաբանական պատերազմ»։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նույնպես զգուշացրել է, որ շարունակելու է թիրախավորել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները։
«Թշնամին չպետք է ենթադրի, որ կարող է շարունակել հակամարտության ներկայիս ընթացքը և այն վերածել հյուծման պատերազմի»,- ըստ իրանական Press TV-ի՝ հայտարարել է ԻՀՊԿ-ի խոսնակ Հոսեյն Մոհեբբին։
Նրա խոսքով՝ «Իրանի գործողություններն այժմ կենտրոնացած են տարածաշրջանում ԱՄՆ-ի հարձակողական ռազմական ենթակառուցվածքների ոչնչացման վրա։ Դրանից հետո կսկսվի հաջորդ փուլը»։

