Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի խնդրել, սակայն հաստատել է միջնորդների միջոցով շփումների փաստը

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի խնդրել, սակայն հաստատել է հրադադարի համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով միջնորդների միջոցով շփումներ հաստատելու փաստը։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը:

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ ուրբաթ օրը կատարցի միջնորդն այցելել է իրանական Մաշհադ քաղաք, որտեղ փոխանցել է կողմերի դիրքորոշումները հրադադարի պահպանման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ հանդիպման նախաձեռնողը ԱՄՆ-ն է։

«Մենք Ամերիկայի հետ բանակցություններ չենք խնդրել, սակայն մեր պատասխանատու մոտեցման շրջանակում չենք մերժել Իրան այցելելու տարածաշրջանային միջնորդի խնդրանքը»,- հայտարարել է Բաղային:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ Թեհրանը գտնում է, որ ԱՄՆ-ն բազմիցս խախտել է կողմերի միջև ավելի վաղ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը։ Որպես օրինակ նա նշել է Իրանի տարածքին հասցված ամերիկյան նոր հարվածները, լրացուցիչ պատժամիջոցների սահմանումը և իրանական նավթի արտահանման արտոնագրի չեղարկումը։

Բաղային հայտարարել է, որ Իրանն իր պարտավորությունները կատարելու է բացառապես փոխադարձության սկզբունքով։

«Մենք որևէ պարտավորություն չենք կատարի առանց պատասխան քայլերի։ Եթե մյուս կողմը խախտի իր պարտավորությունները, ապա Իրանի Իսլամական Հանրապետությունը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ»,- ասել է նա։

ԱԳՆ ներկայացուցիչն անդրադարձել է նաև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին։ Նրա խոսքով՝ հանդիպումը նախաձեռնել են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան՝ 2231 բանաձևի շրջանակում, որի գործողության ժամկետը, ինչպես պնդում է Թեհրանը, ավարտվել է 2025 թվականի հոկտեմբերին։ Նիստի արդյունքներով որևէ որոշում չի ընդունվել։

Բաղային մերժել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) վնասված միջուկային օբյեկտների մուտքի արտոնություն տրամադրելու պահանջները՝ հայտարարելով, որ միջազգային կառույցները նախկինում չեն դատապարտել այդ օբյեկտների ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածները։

Բացի այդ, Իրանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչին կմեկնի Օման՝ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Բաղայիի խոսքով՝ խորհրդակցությունները նվիրված են լինելու տարածաշրջանում անվտանգ նավագնացության ապահովմանը՝ Իրանի և Օմանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031