Տարաձայնություններ դաշնակիցների միջև. Բաքվում քննադատում են Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը
Իսրայելի կառավարության՝ «Լիկուդ» կուսակցության գլխավորությամբ վերջերս ընդունած որոշումն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ խիստ քննադատության է ենթարկվել Իսրայելի մերձավոր դաշնակիցներից մեկի՝ Ադրբեջանի պաշտոնական կառույցների կողմից: Մերձկասպյան Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարության մեջ Արևմտյան Երուսաղեմի որոշումն անվանել է «լուրջ մտահոգություն» առաջացնող հարց։ Գերատեսչությունը ճանաչումը բնութագրել է՝ որպես «պատմական փաստերի աղավաղում» և «բարդ պատմական խնդրի քաղաքական լուծման իջեցում»՝ պնդելով, որ «առանց բավարար իրավական և գիտական հիմքերի» կայացված տվյալ որոշումն «անընդունելի է»»։
«Նման գործողությունները չեն նպաստում հաշտեցմանը և փոխըմբռնմանը։ Ընդհակառակը, դրանք խորացնում են առկա հակասությունները և խաթարում տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հասնելու ջանքերը»,- ասված է փաստաթղթում։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել ընդունված որոշումը։
Հայտնի է՝ երկու երկրները սերտ հարաբերություններ ունեն: Բաքուն Իսրայելի համար նավթի խոշորագույն մատակարարներից մեկն է, որը Կասպից ծովի ափերին ժամանակակից սպառազինությունների կարևոր մատակարար է:
2025 թվականին Ադրբեջանը փորձեց նվազեցնել լարվածությունը Թուրքիայի և Իսրայելի միջև՝ կապված Սիրիայում և Գազայի հատվածում տիրող իրավիճակի հետ՝ կազմակերպելով երկրների պատվիրակությունների միջև տեխնիկական խորհրդատվությունների առնվազն երկու փուլ: Այդ ջանքերը ոչ մի տեսանելի արդյունք չեն տվել, և, ըստ երևույթին, Բաքվում դրանցից առայժմ հրաժարվել են:
Բաքվում կարծում են, որ Իսրայելն անտեսել է Գազայի պատերազմի ժամանակ Ադրբեջանի բազմամյա աջակցությունը և զգայունություն չի ցուցաբերել Հայաստանի հետ հակամարտության՝ Ադրբեջանի համար չափազանց զգայուն հարցի նկատմամբ, գրում է Ynet պարբերականը:
Երկու երկրների հարաբերություններին ծանոթ պաշտոնյաների խոսքով՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Նեթանյահուի կառավարության որոշումն իսրայելա-ադրբեջանական հարաբերություններում ավելի խոր ճգնաժամ է առաջացրել, քան դա կարող է հրապարակային թվալ: Բաքուն այդ քայլը դիտարկում է՝ որպես Իսրայելի կողմից «կարմիր գծի» անցում՝ կարծելով, որ Արևմտյան Երուսաղեմը չի ցուցաբերել փոխադարձ աջակցություն, որն Ադրբեջանը ցուցաբերում է Իսրայելին պատերազմի հենց սկզբից:
Հետևելով դեռևս Հեյդար Ալիևի հռչակած «Մեկ ազգ՝ երկու պետություն» բանաձևին՝ Թուրքիան և Ադրբեջանը միմյանց համարում են մերձավոր դաշնակիցներ: 2021 թվականի մայիսին ստորագրված Շուշիի հռչակագրի համաձայն՝ երկու երկրները պարտավորվում են փոխադարձ աջակցություն ցուցաբերել նրանցից մեկի վրա երրորդ կողմի հարձակման դեպքում:
Բաքվի փորձագետները սիրում են հիշեցնել, թե ինչպես 2020 թվականին ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Թուրքիան F-16 կործանիչներ տեղափոխեց Գյանջա՝ այդպիսով աներկբա ազդանշան ուղարկելով ոչ միայն Երևանին, այլև Մոսկվային: Վերջերս Թուրքիայի արդարադատության նախարար Գյուրլեքի՝ Բաքու կատարած այցի ընթացքում, հավանաբար, քննարկվել է հարցերի ավելի լայն շրջանակ, սակայն ադրբեջանա-թուրքական «անխախտ եղբայրության» հանրային հռետորաբանության մեջ Անկարային գրգռող ադրբեջանա-իսրայելական համագործակցության թեման այդքան էլ հաճախ չի բարձրացվում:
Բաքվի վրա զգալի ճնշում է գործադրվում Անկարայի կողմից, սակայն այն ժամանակ Ալիևը հասկանում է Իսրայելի հետ համագործակցության ողջ կարևորությունը, կարծում է իսրայելական «Նատիվ» գաղտնի ծառայության նախկին ղեկավար Յակով Կեդմին: Ադրբեջանին անհրաժեշտ է համագործակցություն Իսրայելի հետ, միևնույն ժամանակ նա չի ցանկանում նեղացնել «եղբայրական» Թուրքիային, այնպես որ, ի վերջո, ընտրվեց ինչ-որ միջանկյալ տարբերակ:
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ առայժմ արտահայտվել է միայն Իսրայելի կառավարությունը, որի որոշումը դեռ պետք է հաստատի Քնեսետը:
Իսրայելական քաղաքական խոհանոցի գիտակներից Դյունյա Բասոլը ենթադրում է՝ Բաքուն կարող է փորձել ճնշում գործադրել՝ ձգտելով արգելափակել համապատասխան բանաձևի հաստատումն իսրայելական խորհրդարանի մակարդակով. «Զարմանալի է, որ Իսրայելի Քնեսետը կարող է անտեսել Ադրբեջանի զգայունությունն այս հարցում և Ադրբեջանի ու Թուրքիայի դաշինքը համարել սովորական մի բան»։
Պաշտոնական Անկարայի կարծիքով՝ Իսրայելի որոշումը հարմար միջոց է հանրության ուշադրությունը շեղելու Միջազգային քրեական դատարանի կողմից վարչապետ Բենիամին Նեթանյահուի և մի շարք այլ պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների արձակումից՝ Գազայի հատվածում իրականացված ենթադրյալ հանցագործությունների մեղադրանքով: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի խոսքով՝ Մերձավոր Արևելքում իր վարած քաղաքականության պատճառով Նեթանյահուի ռեժիմը «խնդիր է դարձել ողջ մարդկության համար»:
Հայտնի է՝ Իսրայելը կողմ է հանդիսանում ՄԱԿ-ի Միջազգային դատարանում ընթացող դատավարությանը, որտեղ քննվում է ցեղասպանության մեղադրանքների հետ կապված հայցը:
Եվրոպայում աճող մեկուսացման խորապատկերին Իսրայելը փորձում է հարաբերություններ կառուցել Սերբական Հանրապետության (անվանապես Բոսնիա և Հերցեգովինայի կազմում) և մի շարք այլ պետական կազմավորումների հետ, որոնք այս կամ այն կերպ շահագրգռված են Իսրայելի և Կապիտոլիումի բլրի ու Սպիտակ տան շուրջ գտնվող նրա լոբբիստական կառույցների հետ կապերի ամրապնդմամբ:
Այդուհանդերձ, պաշտոնական Երևանի կողմից հիացական հավանության արժանանալու հույսերը, եթե այդպիսիք ընդհանրապես եղել են, ի սկզբանե էֆեմեր (պատրանքային) էին. ակտիվորեն հարաբերություններ հաստատելով արևմտյան հարևանի հետ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արդեն վաղուց բացառել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվից. «Մենք որևէ պատասխանի կամ պաշտոնական արձագանքի անհրաժեշտություն չենք տեսնում, քանի որ կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության թեմայի գործիքայնացումն օրակարգ ներառելուց հրաժարվելը լիովին բխում է Հայաստանի Հանրապետության պետական շահերից»:
«Ընդհանուր առմամբ դա ընկալվեց՝ որպես ուշացած փորձ»,- ասում է Երևանում տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
2020-ի պատերազմում հարևան Ադրբեջանին Իսրայելի ռազմական աջակցության հետ համատեղ, սա հեռու էր այն դրական քայլից, որը կարելի էր ակնկալել: Հայաստանում դժգոհություն կա, որ Ցեղասպանության հարցը զենք է դարձել Իսրայելի կառավարության և թուրքական ղեկավարության միջև հակամարտության ժամանակ:
Իսկ Բաքվի Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովի կարծիքով, իսրայելա–թուրքական «քեյսն» ամենաբարդն է իր երկրի համար: Գործը հազիվ թե հասնի ճակատային դիմակայության, սակայն միջնորդավորված դիմակայությունը (օրինակ՝ Սիրիայում) կարող է իրականություն դառնալ:
Ալեքսանդր Գրիգորև
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

