«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. զգուշացում
Չնայած ՆԳՆ Կիբեռոստիկանության կողմից բազմիցս հրապարակված իրազեկումներին՝ խարդախները շարունակում են «5G ցանցի թարմացման», «կապի որակի բարելավման» կամ «տեխնիկական կարգավորումների» պատրվակով ներկայանալ ՀՀ-ում գործող բջջային օպերատորների աշխատակիցներ և համոզել քաղաքացիներին հեռախոսում ներբեռնել հատուկ ծրագրեր։
«Ցավոք, այս մեթոդի հետևանքով շարունակում են արձանագրվել նոր տուժած քաղաքացիներ։
Հիշե՛ք՝ նման ծրագրերի տեղադրումը հանցավորներին հնարավորություն է տալիս հեռակա հասանելիություն ստանալ ձեր բջջային հեռախոսին, մուտք գործել բանկային հավելվածներ և հափշտակել ձեր դրամական միջոցները։ Ձեր անվտանգությունն ապահովելու համար՝
մի՛ ներբեռնեք անծանոթ անձանց առաջարկած ծրագրեր,
մի՛ տրամադրեք հաստատման կոդեր, գաղտնաբառեր կամ այլ անձնական տվյալներ,
կասկածելի զանգ ստանալու դեպքում անմիջապես ընդհատեք խոսակցությունը և կապ հաստատեք ձեր բջջային օպերատորի պաշտոնական սպասարկման կենտրոնի հետ։
Հիշե՛ք՝ ՀՀ-ում գործող բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում ներբեռնել որևէ հավելված կամ ծրագիր»։

