Ադրբեջանը ոչնչացրել է 1000-ից ավելի հուշակոթող ու կոթող․ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենը նոր նախաձեռնություն է մեկնարկել
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, կովկասագետ Հովիկ Ավանեսովն օրերս հանրությանը տեղեկացրել է մի նախաձեռնության մասին, որն ուղղված է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանը։
«Այսօր Արցախի հայկական մշակութային ժառանգությունը կանգնած է ոչնչացման և յուրացման իրական վտանգի առաջ։ Վտանգված են հարյուրավոր եկեղեցիներ ու վանքեր, հազարավոր խաչքարեր, հուշարձաններ, թանգարաններ, գրադարաններ և հայկական ինքնության վկայություններ։
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ստեղծվել է՝ փաստագրելու, մշտադիտարկելու և միջազգային հարթակներում պաշտպանելու Արցախի հայկական մշակութային արժեքները և բարձրաձայնելու մշակութային ցեղասպանության շարունակվող դեպքերը,- Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էր Հովիկ Ավանեսովը՝ ծանուցելով այս նպատակի համար մեկնարկած դրամահավաքի մասին,- Յուրաքանչյուր ներդրում նպաստում է հայկական մշակութային ժառանգության պահպանմանը։ Կոչ ենք անում միանալ այս կարևոր առաքելությանը և աջակցել Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության գործին։
Կոնվերս բանկ, ստացող` Հովիկ Ավանեսով ՀՀ դրամ 1930056346240300, Քարտի համար՝ 4847040000811781, $19300108776901, Ռուբլի 19300492551058, € 1930081576805704»։
168․am-ն Արցախի մշակութային օմբուդսմենից տեղեկացավ նախաձեռնության մանրամասների մասին։ Ինչպե՞ս է այս՝ հաճախ քաղաքական, աշխարհաքաղաքական «կուրության» պայմաններում հնարավոր Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը՝ հետաքրքրվեցինք Հովիկ Ավանեսովից։
Ի պատասխան՝ նա նախ պատմեց, թե ինչպես է 2023 թվականի հունիսին՝ Ադրբեջանի կողմից ամբողջությամբ շրջափակված Ստեփանակերտում հիմնադրվել օմբուդսմենի գրասենյակը․ «Գաղափարի համահեղինակներից է քանդակագործ, նկարիչ Արթուր Գևորգյանը, ով նաև Քանդակագործության ազգային պարկ թանգարանի տնօրենն է ու այժմ՝ զուգահեռաբար ակադեմիական արվեստանոց է հիմնարկել, և ակադեմիկոս, Մարտիկ Գասպարյանը։ Այդ ժամանակահատվածում մենք նաև համագործակցության պայմանագիր ստորագրեցինք Սյունիքի հայագիտական կենտրոնի հետ։ Ի դեպ, մենք գործընկերներ ունենք նաև Շիրակում՝ ի դեմս Արմեն Ներսիսյանի։
Արդեն բռնի տեղահանությունից և Արցախի ամբողջական բռնազավթումից հետո տեղափոխվեցինք Երևան և մեր գործունեությունը շարունակում ենք այստեղ իրականացնել հիմնադրման պահից ի վեր։ Գրասենյակը գործում է բացառապես հասարակական հիմունքներով՝ մեր անձնական կապերի և հնարավորությունների միջոցով։ Բայց այսօր, երբ Արցախում տեղի ունեցող մշակութային ցեղասպանության ծավալները գնալով ավելի են մեծանում, դրա վերաբերյալ աշխատանքներ տանելը, մշտադիտարկում իրականացնելն անհրաժեշտ է դարձնում օմբուդսմենի գրասենյակի հարթակ ունենալը»։
Ավանեսովը տեղեկացրեց, որ դրամահավաքը նախաձեռնվել է, որ հնարավորություն տրվի Օմբուդսմենի գրասենյակի գործունեությունը լիարժեքորեն կազմակերպել։
«Մենք նաև արբանյակային մշտադիտարկում ենք իրականացնում տարբեր արբանյակային հարթակների միջոցով, որը ռեսուրսների հետ է կապված։ Չնայած որոշակի փաթեթներ ունենք, որ հնարավորություն է տալիս մշտադիտարկում իրականացնել նաև մեկ կամ երկշաբաթյա կտրվածքով, սակայն մեր նպատակն այդ ժամանակահատվածի կրճատումն է։ Դա մեզ հնարավորություն կտա Արցախում տեղի ունեցող մշակութային այդ ցեղասպանության մասին փաստագրում անել ավելի կարճ ժամանակահատվածում, քանի որ լինում են դեպքեր, երբ տարբեր բովանդակությամբ, հատկապես՝ արհեստական բանականությամբ գեներացված հրապարակումներ են լինում այս կամ այն հուշարձանի քանդման հետ, ու պետք է իրավիճակը պատկերացնելու համար արագ ճշգրտվի՝ հրապարակումներն իրակա՞ն են, թե՞ միայն արհեստական բանականությամբ գեներացված պատկերներ։
Դա հնարավորություն կտա նաև մեր զեկույցները հատկապես անգլերեն լեզվով և թղթային տարբերակով առավել հասանելի ու հասցեական դարձնել միջազգային կազմակերպություններին, Հայաստանում գործող մեդիա ոլորտի աշխատողներին։
Կան նաև պատրաստված բազմաթիվ տեղեկատվական գրքույկներ, որը ներառում է կարճ տեղեկատվություն մի քանի լեզուներով, QR կոդեր` ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար։ Այսինքն, եթե տվյալ դեպքի հետ կապված կա վիզուալ տեսանյութ, որտեղ երևում է` ինչպես են քանդում հուշարձանը, կրակում հուշարձանի ուղղությամբ»,- մանրամասնեց նա։
Այս պահին Արցախում քանդված հուշարձանների թվի մասին մեր հարցին ի պատասխան՝ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենը ցավով հայտնեց, որ խոսքը 1000-ից ավելի դեպքի մասին է։
«Այդ թվում՝ Ցեղասպանության հիշատակին նվիրված 5 հուշակոթող, եկեղեցիներ, ամբողջական ոչնչացված գյուղեր։ Ադրբեջանը ներկայումս բռնազավթված Արցախում կառուցում է ենթակառուցվածքներ հենց ոչնչացված հուշարձանների, գերեզմանների տարածքում ևս, որոնց մասին տեղեկություն մենք ստանում ենք՝ ինչպես ադրբեջանական մեդիայի մոնիտորինգից, այնպես էլ՝ արբանյակային լուսանկարների միջոցով»։

