«ԹՐԻՓՓ-ի շրջանակում պետք է կառավարվեն Իրանի դեմ ԱՄՆ ներկայությունից բխող հնարավոր ռիսկերը». Իրանի դեսպան
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով Իրան-ԱՄՆ համաձայնագրի և այդ համատեքստում այսօր ԱՄՆ-ի կողմից Իրանի ուղղությամբ հարձակումների մասին, նկատեց՝ այս համաձայնագրի առաջմղման ճանապարհը բավականին բարդ է ու լի է խոչընդոտներով։
«Հաշվի առնելով այն, որ մենք արդեն ականատես ենք եղել բախման, որը ծագել է Ամերիկայի և սիոնիստական ռեժիմի ագրեսիայից, և հաշվի առնելով նրանց վայրագ և ապօրինի գործողություններին սովոր լինելը, կարծում եմ՝ նրանց համար դժվար է այդ սովորությունը մի կողմ դնելը և փորձել այս ուղով շարժվելը։
Այսօրինակ բախումների շրջանակներում, որտեղ նրանք նման հարձակումներ են նախաձեռնում, ստանում են համապատասխան արձագանքն իրանական կողմից։ Այսօր լուսաբացին տեղի ունեցած հարձակումների հետևանքով թիրախավորվել են և Իրանի կողմից պատասխաններ են հասցվել Բահրեյնում ու Քուվեյթում ամերիկյան ռազմաբազաներին»,- նշեց դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Ըստ նրա, այս բախումները, որոնք տեղի են ունենում բանակցությունների ընթացքում, պետք է դիտարկել որպես մարտավարական քայլեր, սակայն դրանով կողմերը միտում չունեն նախաձեռնելու լայնամասշտաբ պատերազմ։
«Գաղտնիք չէ և դրա մասին խոսում են թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ միջազգային տարբեր փորձագետներ, որ իրականում այս ամբողջ գործընթացը Թրամփի կողմից նախաձեռնվել է մեկ նպատակով, որպեսզի հանգիստ «շունչ քաշի» և հնարավորություն տա, որ նավթի միջազգային շուկայում ի հայտ եկած գնաճը որոշակիորեն վերահսկվի ու այդ շուկան բալանսի բերվի։ Բոլորի համար էլ ակնհայտ է, որ Թրամփի վերջնական նպատակը վերջնական համաձայնության հասնելը չէ, և հնարավոր են հետագա գործողություններ։ Որոշների համար էլ այս պատերազմում Թրամփը չի հասել իր ռազմավարական նպատակներին և զգալի վնասներ է կրել, հետևաբար՝ որևէ ցանկություն չունի լայնամասշտաբ պատերազմի»,- հավելեց դեսպանը։
Նա ասաց՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն այս երկու սցենարներին էլ պատրաստ է և վճռականորեն հայտարարում է, որ պատրաստ են տարածաշրջանում խաղաղության։ Միացյալ Նահանգների հետ ընթացող բանակցություններում Իրանի դիրքորոշումը վճռական ու լուրջ է՝ նպատակներին հասնելու միտումով։
Խոսելով ԹՐԻՓՓ նախագծի մասին, Խալիլ Շիրղոլամին շեշտեց.
«Կարծում եմ՝այս ֆորմատով հայ-իրանական հարաբերությունների օրակարգային հարցերը պետք է լինեն այդ նախագծից ի հայտ եկող ռիսկերի կառավարումը և հնարավոր մարտահրավերների վերացումը։ Ուստի Իրանի շատ լեգիտիմ և տրամաբանական անհանգստությունն իր սահմաններին ամերիկացիների ներկայության վերաբերյալ, պետք է հստակ արձագանք ստանա ու պատասխան տրվի այդ անհանգստություններին։ ՀՀ կառավարությունը հավաստիացրել է, որ այս ծրագրի իրականացման հետևանքով որևէ սպառնալիք Իրանի համար չի ստեղծվի»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

