ԱՄՆ Կոնգրեսում Թրամփի վարչակազմին կոչ են արել Սիրիան հանել ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից

Ամերիկյան երկկուսակցական օրենսդիրների մի խումբ դիմել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ կոչ անելով Սիրիան հանել ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից (SST)՝ պնդելով, որ 2024 թվականի վերջին նախկին նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո երկիրը զգալի առաջընթաց է գրանցել։ Առաջարկի մասին ասվում է նամակում, որին ծանոթացել է The Hill պարբերականը։

Պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ուղղված նամակը ստորագրել են սենատորներ Ջին Շահինը (դեմոկրատ՝ Նյու Հեմփշիր նահանգից), Էլիզաբեթ Ուորենը (դեմոկրատ՝ Մասաչուսեթսից) և հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը։ Օրենսդիրները հայտարարել են, որ եկել է ժամանակը Սիրիան հանելու «վտարանդի պետությունների» ցանկից, որտեղ ներառված են նաև Իրանը, Հյուսիսային Կորեան (ԿԺԴՀ) և Կուբան։

Ըստ նրանց՝ SST ցանկից դուրս բերումը մնում է վերջին հիմնական խոչընդոտներից մեկը Դամասկոսի՝ միջազգային հանրություն լիարժեք վերադարձի համար այն բանից հետո, երբ Ահմեդ ալ-Շարաան, որին նախկինում ևս ահաբեկչությանն առնչություն ունեցող անձ էին համարում, տապալեց Ասադի ռեժիմը, գլխավորեց նոր կառավարությունը և Ծոցի երկրների և Թուրքիայի աջակցությամբ սկսեց հարաբերություններ կառուցել Թրամփի վարչակազմի հետ։

Շահինը՝ որպես Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջատար դեմոկրատ, և Ուիլսոնը՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ, ավելի վաղ մասնակցել են Կոնգրեսի ջանքերին՝ ուղղված Սիրիայի նոր ղեկավարությանն աջակցելուն և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցության դիմաց պատժամիջոցների մեղմացման պայմաններ ստեղծելուն։ Օրենսդիրները նշել են, որ Ասադի ռեժիմի անկումից ի վեր ալ-Շարաայի կառավարությունը հավատարմություն է ցուցաբերում երկրի ներսում հակաահաբեկչական գործողությունների իրականացմանը։

«Թեև Սիրիան պետք է հետագա առաջընթացի հասնի մի շարք ուղղություններով, ըստ ԱՄՆ օրենսդրության SST ցանկում ներառելու հիմքերն այլևս կիրառելի չեն, իսկ այդ կարգավիճակն ինքնին լուրջ խոչընդոտ է մնում վարչակազմի և Կոնգրեսի առաջնահերթություններին հասնելու համար, այն է՝ Սիրիային հաջողության հասնելու հնարավորություն ընձեռելը»,- ասված է նամակում։

Նրանք ընդգծել են, որ կարգավիճակի չեղարկումը ամերիկյան և միջազգային ընկերություններին թույլ կտա ներդրումներ կատարել երկրի վերականգնման գործում՝ առանց պատժամիջոցային սահմանափակումներից վախենալու։ Ըստ գնահատականների՝ Սիրիայում ավելի քան տասնամյա քաղաքացիական պատերազմի հասցրած վնասը կազմում է մոտ 216 միլիարդ դոլար։

Նամակում նշվում է նաև, որ ահաբեկչության հովանավոր պետության կարգավիճակն իր հետ բերում է լուրջ պատժամիջոցային հետևանքներ, դրանց թվում՝ ռազմական օգնության արգելք, սպառազինության արտահանման սահմանափակումներ և երկակի նշանակության ապրանքների մատակարարման վերահսկողություն, ինչպես նաև լրացուցիչ պատժամիջոցների կիրառման հնարավորություն։

Օրենսդիրները հայտարարել են, որ այս կարգավիճակի հանումը նոր հնարավորություններ կբացի Սիրիայի տնտեսական վերականգնման և ներդրումների ներգրավման համար, ինչպես նաև կօգնի ամրապնդել նրա դերը՝ որպես ԱՄՆ-ի հնարավոր գործընկերոջ։

Միաժամանակ, նրանք ընդգծել են, որ Վաշինգտոնը պետք է շարունակի ճնշումը Դամասկոսի վրա մի շարք ուղղություններով, ներառյալ՝ Սիրիայում ռուսական ռազմական ներկայության կրճատումը, տարբեր համայնքների միջև իշխանության քաղաքական բաշխումը, կառավարման մեջ կանանց ներգրավվածության ընդլայնումը, ղեկավար կառույցներից օտարերկրյա գրոհայինների դուրսբերումը, ինչպես նաև քրդական և դրուզական համայնքների հետ հարաբերությունների կարգավորումը։

Նամակում առանձնահատուկ շեշտվում է, որ SST կարգավիճակի չեղարկումը չի նշանակում հրաժարում այս պահանջներից, այլ ավելի շուտ ընդունումն է այն փաստի, որ տվյալ գործիքի օգտագործումը՝ ավելի թիրախային մեխանիզմների փոխարեն, ընդհանուր նպատակներին հասնելու համար հակաարդյունավետ է դառնում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031