ԻՀՊԿ-ն հայտարարել է Իրան ներթափանցած քրդական զինված խմբավորման ոչնչացման մասին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է Իրանի հյուսիս-արևմուտքում իրականացված գործողության մասին, որի ընթացքում ամբողջությամբ ոչնչացվել է մի խմբավորում, որը փորձում էր ներթափանցել երկրի տարածք՝ դիվերսիաներ իրականացնելու նպատակով, հայտնում է Mehr-ը:
«Համզե Սեյեդ աշ-Շուհադա» բազայի հայտարարության մեջ նշվում է, որ գործողությունն իրականացվել է այն բանից հետո, երբ «Իրանական Քրդստանի դեմոկրատական կուսակցության» հետ կապված ջոկատը հատել է սահմանը և մուտք գործել սահմանամերձ շրջաններ։
ԻՀՊԿ տվյալներով՝ խմբավորումը հայտնաբերվել է հետախուզական միջոցառումների արդյունքում, որից հետո ընկել է իրանական ուժերի կազմակերպած դարանակալման մեջ։ Միջադեպը տեղի է ունեցել Փիրանշահր քաղաքի մոտակայքում գտնվող լեռնային տեղանքում՝ կրակային միջոցների աջակցությամբ։
Իրանական բանակից հայտնել են, որ խմբի կազմում եղած հինգ հոգուց ոչ ոք ողջ չի մնացել։ Առգրավվել է նաև զենք և հանդերձանք։
ԻՀՊԿ-ն հավելել է, որ Իրանի հյուսիս-արևմտյան սահմաններին «անվտանգությունը խաթարելու» ցանկացած փորձի դեմ գործողությունները այսուհետ ևս «վճռական պատասխանի կարժանանան»։

