Իրանի ազգային անվտանգությունն ու արժանապատվությունը սակարկության ենթակա չեն․ Բաղայի
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ երկրի ազգային անվտանգության և պետական արժանապատվության հարցերը «սակարկության կամ պայմանական քննարկման առարկա չեն»՝ ընդգծելով, որ ինքնապաշտպանության Իրանի իրավունքն ու դրա իրացման միջոցները չեն կարող բանակցությունների թեմա դառնալ որևէ կողմի համար։
X սոցիալական ցանցի իր հրապարակման մեջ Բաղային կրկնել է, որ Իրանի ազգային անվտանգությունն ու արժանապատվությունը չեն կարող «փոխանակվել կամ կախվածության մեջ դրվել պայմաններից»՝ հավելելով, որ երկրի պաշտպանվելու իրավունքը սահմանափակելու ցանկացած փորձ անընդունելի է։
«Բոլորի համար պետք է հստակ լինի, որ Իրանի ռազմական ներուժը երաշխավորում է ագրեսիայից ու հանցագործություններից օրինական կերպով պաշտպանվելու իրանցի ժողովրդի անօտարելի իրավունքը, և միևնույն ժամանակ ապահովում է տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»,- նշել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Իրանն «ավելի մեծ շահագրգռվածություն ունի տարածաշրջանի հավաքական անվտանգության հարցում, քան որևէ այլ կողմ»։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը քննադատել է Պարսից ծոցի այն պետություններին, որոնք, նրա պնդմամբ, համագործակցում են արտաքին ուժերի հետ (ի վնաս տարածաշրջանային կայունության)։
Բաղային կասկածի տակ է դրել նաև որոշ հարևան երկրների դիրքորոշումը՝ նրանց մեղադրելով Իրանի դեմ ուղղված գործողություններին աջակցելու և տարածաշրջանում ռազմական ծախսերի աճն անտեսելու մեջ։ Նա նաև քննադատել է միջազգային վերահսկողությունից դուրս գտնվող Իսրայելի միջուկային ներուժի վերաբերյալ տիրող լռությունը։

