ՀՀԿ-ական պատգամավորը՝ Հովիկ Աբրահամյանի եղբոր և զարմիկի չարաշահումների մասին. Դա օվկիանոսում փոքր ձուկ բռնել է

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը համոզված է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները լարված չեն: Նման վստահեցում արել է պատգամավորը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում:

– Պարոն Մինասյան, մամուլում ակտիվորեն քննարկվում է այն, որ օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարների հարաբերությունները բավականին լարված են: Ձեր գնահատմամբ՝ կա՞ նման բան:

– Դուք մամուլում դրանք հերքող հայտարարություններ կարդացե՞լ եք:

– Մեծամասամբ չեմ հանդիպել:

– Իսկ փոքրամասա՞մբ:

– Եղել են դեպքեր:

– Դա այն դեպքն է, երբ որ մեծամասնությունը սխալ է, իսկ փոքրամասնությունը՝ ճիշտ, որովհետև փոքրամասնությունը տեղեկացված է:

– Այդ դեպքում ինչո՞վ եք պայմանավորում այդ խոսակցությունները:

– Այդ խոսակցությունները շարունակական բնույթ ունեն: Դա կա շատ վաղուց. պետական կառավարման տարբեր մարմինների ներկայացուցիչների միջև միշտ նման խոսակցություններ են ծնվում և մահանում առանց որևէ հիքմի:

– Այդ խոսակցությունները թեժացան, երբ Հովիկ Աբրահամյանը ՎՊ-ի հաշվետվության ժամանակ խիստ քննադատական ելույթով հանդես եկավ: Դա չեք կարծում, որ կարող էր հարաբերությունների լարվածության հիմք դառնալ:

– Իհարկե ոչ, որովհետև եթե Դուք հիշում եք, այն ձևակերպումները, որ ներկայացրեց ՎՊ-ի նախագահը, երբ նա պատասխանում էր հարցերին, ի դեպ, այդտեղ պետք է հստակ բաժանում կատարվի: ՎՊ-ի նախագահը ներկայացրեց իր հաշվետվությունը կատարված աշխատանքի վերաբերյալ, և երբ որ դա ավարտեց, պատգամավորները տվեցին իրեն բազում հարցեր, որոնց պատասխանների ժամանակ ինքը անդրադարձավ ոչ միայն նախորդ տարվա ընթացքում կառույցի կողմից իրականացրած աշխատանքներին, այլև ապագայում իրականացվելիք աշխատանքներին, որի մեջ ինքը խոսեց կանխատեսումների մասին, որոնք բնականաբար չէին կարող հիմնավորված լինել, որովհետև վերջիվերջո այդպիսի գործառույթներ իր կողմից իրականացված չէին, և երբ այդպիսի հարցադրումների հիմքը, ոչ մասնագիտական, որովհետև ինքը չէր կարող նման բաներ ասել, կանխատեսել դա, պատճառ դարձավ, որ ԱԺ նախագահը նման կերպ խոսի:

– Եթե չկա լարվածություն, այդ դեպքում ինչո՞վ եք պայմանավորում, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը միայն վերջերս բացահայտեց, որ Արմավիրի մարզում Հովիկ Աբրահամյանի եղբայրն ու զարմիկը հսկայական քանակությամբ կառավարության կողմից սուբսիդավորվող էժան դիզվառելիք են ձեռք բերել:

– Կառավարության կողմից իրականացվող վերահսկողական գործառույթները շարունակական բնույթ ունեն, և դրանք շատ ավելի մեծ ու խոշոր չարաշահումներ են հայտնաբերել: Մասնավորապես վերջերս դատախազությունը ներկայացրեց, թե դրանք ինչ չափի են հասել, ինչ որ Դուք նկարագրեցիք, դա օվկիանոսում փոքր ձուկ բռնել է նշանակում:

Կարդացեք այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս