«Այս եվրոկեղծարարությունը, եվրոտեռորը գին ունի. Չեմ բացառում՝ իբր հաստատված «խաղաղության» կոնցեպտը փոխարինվի «մոտալուտ պատերազմը կանխելու» կոնցեպտով». Դավիթ Ջամալյան
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի կարծիքով՝ իշխանությունների կողմից հայ հասարակությանը պատերազմով ահաբեկելու սցենարը նոր փուլ է մտնում։
Մեր զրուցակիցը նման կարծիքի է, քանի որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում, այնուհետև՝ Կառավարությունում ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ «Ալիևի օգնականը Հայաստան էր եկել, քանի որ կային որոշակի ռիսկեր և այդ ռիսկերը պետք է կառավարվեին»։
«Իշխանությունը շարունակում է շանտաժի լեզվով խոսել, քանի որ ընտրություններից հետո ցանկալի արդյունքը չունի, այսինքն՝ ընտրություններից հետո չի ստացել բաղձալի 2/3-ը և ըստ ամենայնի չի էլ ունենա։ Վստահ եմ, եթե մեր ընդդիմությունը մանդատները վերցնի, ապա առնվազն խորհրդարանում ներկայացվածներն անկոտրում են լինելու։
Ի վերջո, հինգ տարվա ընթացքում իշխանությունը կարողացավ ամեն ֆրակցիայից մեկ հոգի գողանալ ու տանել, սրան անասնագողություն են ասում ու ճիշտ էլ ասում են։ Այսօրվա իրողություններով 6 հոգու գողանալ ու տանել կամ գնել՝ անհնարին է, դրա համար չի ունենալու 2/3-ը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Ջամալյանը։
Ըստ մեր զրուցակցի, քանի որ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է ունենալ 2/3-ը, ապա վաղ թե ուշ գնալու է արտահերթ ընտրությունների և այդ ընտրություններում ցանկալին ստանալու համար կրկին աշխատեցնելու է պատերազմի շանտաժը։
«Կարծում եմ՝ այս հարցում Ադրբեջանն էլ Փաշինյանին գործնականորեն կօգնի, քանի որ, եթե մինչև այս պահը չէր կրակում, որ ի ցույց դնեին խաղաղությունը, հիմա էլ ավելի ահաբեկել է պետք։ Չեմ բացառում, որ ադրբեջանական կողմը սահմանին ակտիվություն հանդես բերի սահմանի տարբեր հատվածներում, գուցե ոչ ԹՐԻՓՓ-ի հատվածում, բայց այլ հատվածներում կսադրի։ Նիկոլ Փաշինյանը հիմա մի այնպիսի փակուղու մեջ է հայտնված, որ այստեղ ցանկացած սխեմա կօգտագործի ավելի մեծ ձայներ կորզելու համար։ Չեմ բացառում, որ հիմա իբր արդեն հաստատված «խաղաղության» կոնցեպտը փոխարինվի «մոտալուտ պատերազմը կանխելու» կոնցեպտով»,- շեշտեց Դավիթ Ջամալյանը։
Բացի այդ, նրա խոսքով՝ կա նաև խնդրի մյուս կողմը, որ Հայաստանում ներքաղաքական զարգացումները հստակորեն ուղղորդվում են Բաքվից, թե ինչ անել ու ինչպես անել։
«Նիկոլ Փաշինյանը խոստումներ է տվել Բաքվին, և Բաքուն գնալու է պահանջով, որպեսզի այդ խոստումները կատարվեն։
Այս եվրոկեղծարարությունը, եվրոտեռորը գին ունի, արվել է մեկ բանի համար, որ Նիկոլ Փաշինյանը գնա հակառուսական կուրսով, եթե շեղվի, ապա ամբողջ կեղծիքը նրա դեմն են դնելու։ Սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանի վիճակն իսկապես շատ ծանր է։
Մեկ բան էլ՝ եթե Նիկոլ Փաշինյանը գնա արտահերթ ընտրություններով սցենարով, մեր պետականամետ ուժերը պետք է պատրաստ լինեն այդ սցենարին։
Այս իրավիճակում նաև չպետք է կոտրել հասարակությանը, քանի որ իշխանության ստացած այդ թվերն ամբողջովին նկարված է, եթե սթափ ենք նայում, հասկանում ենք՝ չկա նման բան։ Տեղամաս կա՝ Նիկոլ Փաշինյանը ձայն չի ստացել»,- ասաց Դավիթ Ջամալյանը։
Նա չի բացառում՝ «խաղաղությունը վրա է հասել» սխեման վերածվի «վերահաս պատերազմը կանխենք» սցենարի, որով Նիկոլ Փաշինյանը կփորձի ամրապնդել իր իշխանությունը։
«Նիկոլ Փաշինյանին «ոչ» ասելու ներուժը կա, որովհետև նրա օգտին շատ քիչ մարդ է իրականում քվեարկել»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

