Ուղեղ պիտի ունենաս, որ չասես՝ Ադրբեջանից գազ կներկրենք… ոչ լեգիտիմ իշխանության խարանը Փաշինյանի ճակատին է մնալու. Դավիթ Անանյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսական գիտությունների թեկնածու Դավիթ Անանյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Այո, այս ընտրություններում հաղթեց պատրանքը: Երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) դիմում էինք ներկայացրել, որ ընտրության արդյունքները չեղյալ համարենք, նշել էինք նաև այն, որ ընտրության գիշերը՝ ժամը 02:00-ին, Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ ինքը միանձնյա հաղթել է, հանձնարարական էր ԿԸՀ-ին՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ:
  • Նախընտրական շրջանի ռեպրեսիաների արդյունքն այն էր, որ ընտրակեղծիքների խայտառակ ու համընդհանուր կիրառում տեսանք: Նիկոլ Փաշինյանի արածը «հաղթանակի» պատրանքի ստեղծում էր, ոչ մի կապ չուներ մարդկանց տրամադրությունների հետ ու հանձնարարական էր ԿԸՀ-ին:
  • Ընտրության արդյունքները Փաշինյանի համարի մղձավանջ են, որովհետև բացի նրանից, որ ինքը չունեցավ սահմանադրական մեծամասնություն ու չի կարողանալու իրականացնել Ադրբեջանի հանձնարարականները, ինքը նաև լեգիտիմ չէ, և անգամ ողջ միջազգային մամուլն է խոսում այս ընտրություններում Փաշինյանի լեգիտիմության բացակայության մասին: Ինքը մինչև հիմա էլ չի ընդունում, որ ժողովուրդն իրեն չի սիրում: Ոչ լեգիտիմ իշխանության խարանը Փաշինյանին շատ ավելի մեծ անհանգստություն է պատճառում:

Կարդացեք նաև

  • Փաշինյանը հայտնվել է Կռիլովի հայտնի առակի հերոսի դերում: Ինքը հայտնվել է մեջտեղում, իսկ կողքերից քաշում են, և պետք է բավարարի բոլորի շահերը: 
  • Հիմա գնում է առևտուր: Եթե Փաշինյանն ընդունի Ռուսաստանի՝ իր առջև դրված նվազագույն պահանջները, Ռուսաստանը կընդունի այս ընտրության արդյունքները: Բայց Ռուսաստանին գոհացնելը նշանակում է, որ ինքը խնդիր է ունենալու Եվրոպայի հետ: Սա, իհարկե, իր մեղքն է, բայց այս ամբողջի անբարենպաստ հետևանքները կրելու ենք մենք բոլորս, մեր ժողովուրդն ու մեր պետականությունը: Ինքը փակուղային իրավիճակում է, և եթե տանուլ տա, տանուլ ենք տալու բոլորս ու առաջին հերթին՝ Հայաստանը: Փաշինյանը խաղաղրույք է դրել Հայաստանի վրա:
  • Փաշինյանը 8-10% ընդդիմությունից գողացել է: Մենք իրավական գործընթացները հասցնելու ենք ավարտին, որովհետև այս ընտրության արդյունքները պետք է չեղարկվեն, որովհետև այս ընտրությունները լեգիտիմ չեն: ԿԸՀ հունիսի 14-ի նիստը՝ որպես վարչարարություն, ձախողված էր: Էլեմենտար բաներ կան, ըստ որոնց՝ վարչական մարմինը՝ ԿԸՀ-ն, ձախողված էր: Եթե նիստը նայել եք, կտեսնեիք՝ ինչ խղճուկ վիճակում էր Հանձնաժողովն ու դրա նախագահը: ԿԸՀ անդամները հասկանում էին, որ կոպիտ իրավախախտումներ էին անում, և ուղիղ եթերում չէին էլ կարողանում Վահագն Հովակիմյանին հասկացնել՝ եղբա՛յր, սխալ բաներ ես անում. ԿԸՀ ընդունած վարչական ակտը կատարյալ ապօրինի է:
  • Եթե ուզում ես տեսնել՝ իրականում ինչ սպասելիքներ ունի Ադրբեջանը Հայաստանից, ադրբեջանական մի քանի խոսող գլուխներ կան, որ պետք է լսես նրանց: Նրանցից Ալիևի մունետիկներից մեկը՝ ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուղարովը, ասում է՝ չպետք է ուրախանանք Փաշինյանի հաղթանակով, որովհետև խնդիր ունենք. Փաշինյանը չի հավաքել այնքան, որ կարողանա ՀՀ Սահմանադրությունը փոխի, իսկ դա մեզ համար խիստ կարևոր է… Բառացի ասում է: 
  • Հիմա տեսե՛ք՝ ընդդիմությունը վիճարկում է արդյունքները ՍԴ-ում, սրան զուգահեռ՝ ՔՊ-ամերձ շրջանակներն են դիմում ՍԴ, այս ընթացքում արդեն անոնսել են, որ «Հանրաքվեի մասին» ու «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ անեն, որպեսզի իրենց վերընտրությունը հեշտանա, կվարկաբեկեն ընդդիմությանը, կմեկուսացնեն լիդերներին, ու չի բացառվում, որ սեպտեմբերին գնան արտահերթ ընտրությունների ու այս անգամ հաղթի՝ սահմանադրական մեծամասնություն ունենալով ու ոչ լեգիտիմ լինելու բարդույթը հաղթահարած: Ու այս համատեքստում չի բացառվում, որ Սահմանադրական դատարանը «լեռը մուկ ծնեց» սկզբունքով չեղարկի ընտրությունների արդյունքները:
  • Փաշինյանի փազըլը սխալ է հավաքվել, մենք չունենք անոնսավորվող արդյունքները, բայց մենք էլ մեր սխալներից դասեր պիտի քաղենք, որ հնարավոր արտահերթ ընտրությունների ժամանակ քաղենք մեր արդյունքները: Միգուցե այստեղ կփրկի միայն ընդդիմության համընդհանուր համախմբումը կոնկրետ նպատակի շուրջ:

  • Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու: Դրանք չեղարկելը դժվար է, և եթե պետք է լինեն ԱԺ արտահերթ ընտրություններ, դրանք պետք է լինեն սեպտեմբերին:
  • Ռուսաստանի կողմից կիրառվող սանկցիաների, մասնավորապես՝ գյուղմթերքի և ոչ միայն գյուղմթերքի արտահանման արգելքների տեսքով, դժգոհությունների ցիկլի պիկը լինելու է հուլիս-օգոստոսին: Մարդիկ այս ծանր հարվածներն այդ ժամանակ են զգալու: Շատ ծանր վիճակում են հայտնվելու: Եթե սեպտեմբերին լինելու են ընտրություններ, ապա դրա պիկը լինելու է դրանց նախօրյակին: 
  • Տնտեսական առումով մենք վատ վիճակում ենք:
  • Եթե դու կարծում ես, որ Ռուսաստանը պիտի այստեղից գնա, որովհետև դու այդպես ես ուզում, դու չափազանցնում ես քո սուբյեկտայնության վերաբերյալ քո ընկալումը, մանավանդ որ, սուբյեկտայնություն էլ չունես… երբ մեծերը խոսում են, քո կարծիքը որևէ մեկը չի հարցնում: Նիկոլ Փաշինյանը, լինելով ամենառուսամետը, խաղացել է բևեռների միջև, ու հիմա եկել է պարտքերը վճարելու ժամանակը: Առնվազն պետք է ուղեղ ունենաս, որ չասես՝ Ադրբեջանից գազ կներկրենք, երբ գազ ներկրելու ենթահամակարգեր չկան, ու եթե անգամ դրանք հնարավոր լինի կառուցել, առնվազն 5 տարի է պետք: Լավ, ենթադրենք՝ դու այդ հիմար որոշումը կայացրեցիր ու կառուցեցիր այդ ենթահամակարգը. դա 5 տարի է տևելու, բա էդ 5 տարին ի՞նչ ես անելու, ժողովուրդն ի՞նչ է անելու:
  • Հայաստանն ատոմային էներգիա արտադրող, փորձառու երկիր է, «ՄԱԳԱՏԷ»-ի հետ կապեր ունեցող ու նրա բարձր գնահատանքին արժանացած: Ոնց ուզում ես, պտտվի՛ր, էներգետիկ համակարգում ու դրա հետ կապված թեմաներում Ռուսաստանը սեղանի շուրջ է նստած, ու դա փաստ է, որի հետ պետք է հաշվի նստես: Հետևաբար՝ Հայաստանի սուբյեկտայնության հարցը մենք պետք է դիտարկենք միջազգային արենայում տեղի ունեցող բոլոր գործընթացների համատեքստում:
  • Նույնիսկ, եթե ասում են՝ մաքսատուրքը հրատապ կիջեցնենք, որ հայկական ապրանքները մտնեն Եվրոպա, հարց է առաջանում՝ արդյո՞ք քաղաքական որոշման արդյունքում Եվրոպա հասած մեր ապրանքները Եվրոպան կընդունի. ստանդարտիզացիայի հարց կա… Ամեն ինչ այդպես արագ չի լինում: Սրանք ընդամենն իշխանությունների կողմից ցուցադրական քայլեր են, և դրանք որևէ արդյունք չեն ունենալու: Տասնյակ տարիներով գործող ռուսական շուկաները հիմա փակ են, և եթե անգամ բացվեն, որքա՞ն ժամանակ դեռ պետք կլինի, որ մեր ապրանքները կրկին վերագրավեն այդ շուկաները: Եվրոպայի՝ հայ գյուղացուն փոխհատուցելու մասին հայտարարությունը միանգամյա ակցիա է:
  • Եվրոբյուրոկրատիան թփթփացնում է Փաշինյանի ուսին, ասում է՝ շատ ապրես, բայց հիշի՛ր՝ Ռուսաստանից պոկվելու ու դեպի Եվրոպա գալու գինը ծանր է, դուք դժվարություններ եք ունենալու, և եթե պատրաստ եք դրան, մենք ձեզ ողջունում ենք: 
  • Բա դուք ի՞նչ եք արել, որ Ռուսաստանից տնտեսական ու քաղաքական կախվածությունը նվազեցնեք: Բա որ էդ ռուսական ոսկիները բերում, այստեղով պտտացնում, տանում էիք Արաբական Էմիրություններ, ի՞նչ էիք մտածում: Ի՞նչ ես արել, որ արդյունաբերությունդ զարգացնես, ոչի՛նչ: Այդ ոսկին ձևակերպել ես՝ որպես արդյունաբերություն, որ իբր աճ ցույց տաս… դա ես արել, ուրիշ ոչինչ:

  • Միշտ հաղթում են վարչական ռեսուրսն ու շահը. կապ չունի՝ դու ինչ ես ասում, կի՞րթ ես, թե՞ չէ, համակարգայի՞ն ես, թե՞ չէ: Ոչ թե գաղափարներն ու ծրագրերն էին համեմատվում, այլ վարքագիծը: Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբն այնպիսի նախընտրական միջավայր ստեղծեցին, որտեղ քո գաղափարներն ու ծրագրերը մրցակցային չէին:
  • Մենք արժեքային ճգնաժամ ենք ապրում: Ինձ մեր ժողովրդի արժեքային դեգրադացիան է սպանում. դու գնում ու ընտրում ես կառափնարանը, չարիքը, չգոյությունը:
  • Հայաստանում 300 000 ադրբեջանցիների բռնի բնակեցման պետական ծրագիրն է գործի դրվել, որոնք Հայաստանի՝ որպես իրենց հայրենիքի հետ ոչ մի կապ չունեն: «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգն ադրբեջանական պետական ծրագիր է, որը որպես մահակ՝ կախված է մեր գլխին, բայց որ պահին որ Նիկոլ Փաշինյանն իշխանության չլինի, որ պահին Հայաստանում իշխանությունը լինի ազգային, այդ ծրագիրն էլ չի լինի: Կոնկրետ մենք գիտենք՝ մենք դա ինչպես պետք է չեղարկենք. այդ հարցը միջազգային դատարանների որոշումներով է փակ: 
  • Համախմբում լինում է գաղափարի, նպատակի, ճանապարհային քարտեզի շուրջ: Ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր քաղաքական ուժի անելիքները կլսենք ու կհասկանանք՝ այդ համախմբումն ինչպես է լինելու. համախմբում լինում է նպատակի ու գաղափարի, այլ ոչ՝ անձի ու կուսակցության շուրջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930