Իշխանությունն ընդամենը փող ծախսող է. պարտքերը վերցնեն, իրենց թալանն անեն. ՎԵՐՋ. Սամվել Կարապետյան
Հայաստանյան մի քանի լրատվամիջոցների խմբագիրներ հետընտրական պրոցեսներից հետո առիթ են ունեցել հարցադրումներ հղել հայ բարերար, «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի հիմնադիր և «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին։
«168 ժամ» թերթի և 168.am կայքիգլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը նախ արձանագրեց․ «Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ ինքը չի ընտրվել, որ չունի մեծամասնության ձայները, Նիկոլ Փաշինյանն այսօր ամենածանր վիճակում է, որովհետև արդեն քարերը հավաքելու ժամանակն է․ արդեն պարտքերը պիտի փակի, ըստ էության՝ Թուրքիայի պարտքերը, Ադրբեջանի, Եվրոպայի։ Նաև՝ քաղաքական ճգնաժամ է հասունանում, նույնիսկ, եթե մանդատները վերցնեք կամ չվերցնեք (ընդ որում, ես կողմ եմ մանդատները վերցնել և պայքարը շարունակել դրսում տարբերակին)»։
Այս համատեքստում նա Սամվել Կարապետյանից նաև հետաքրքրվեց տնտեսական խնդիրների մասին։
«Տնտեսական ճգնաժամն է հասունանում․ երեկ, ճիշտ է, իրենք Ազգային ժողովում ասում էին՝ իբրև ցուցանիշները փայլուն են, բայց երեկ իրենց նախարարներից մեկը հայտարարեց՝ արդեն պետական պարտքը 14․5 միլիարդն է նույնիսկ հատել։ Այստեղ կան Ռուսաստանի կողմից սանկցիաները։ Երկրում ոչ մի բան, ըստ էության, չի աշխատում, անընդհատ պարտքեր․ նույնիսկ շատերը համեմատում են Ուկրաինայի հետ նաև այդ առումով, որ Զելենսկին ևս պարտքերի տակ է մտցրել երկիրը, ու արդեն նույնիսկ նախկին վարչապետն էր հարցազրույց տվել, որ երկիրն անընդհատ պարտքերի տակ մտցնելով՝ էլ բան չունի ծախելու։
Ես ուզում եմ դուք ներկայացնեք տնտեսական վիճակը հատկապես այս օրերին, այո, ես գիտեմ մարդիկ, որոնք գեներատորներ, դվիժոկներ են առնում, պատրաստվում են ձմեռվան, մարդիկ կան, որ մտածում են սննդամթերքի պահեստավորման մասին, մարդիկ ռեալ անհանգստանում են։
Քաղաքական պայքարը, հասկանում եմ, բայց նաև դրան զուգահեռ՝ խորանում է տնտեսական ճգնաժամը։ Ձեր կանխատեսումները․ ի՞նչ է լինելու»,- այս հարցադրումներն ուղղեց Սաթիկ Սեյրանյանը։
Ի պատասխան՝ Սամվել Կարապետյանը նշեց․ «Տնտեսական մասով ամեն ինչ կախված է լինելու գործող իշխանությունների հարաբերություններից Ռուսաստանի Դաշնության իշխանությունների հետ, քանի որ մեր ՀՆԱ-ի 25 %-ը, շրջանառության 7․5 միլիարդ դոլարը Ռուսաստանի հետ է։ Բացի դրանից, տրանսֆերտների մոտ 90 տոկոսը գալիս են Ռուսաստանից։
Երբ ես ասում եմ՝ Հայաստանի տնտեսությունը կայուն զարգացող է, չի նշանակում, որ իշխանության հաշվին է կայուն զարգանում․ իշխանության դերը դրանում 0 է։ Իշխանությունն այսքան տարիների ընթացքում տնտեսության մեջ ընդամենը փող ծախսող է՝ պարտքերը վերցնի-ծախսի, ասֆալտ փռի․․․ նորից չեմ ուզում նախընտրական մեր բոլոր թեզերին վերադառնանք, բայց նորից եմ ասում, ամենահեշտ գործն անում են, իրենց թալանը անում են։ Վե՛րջ, սրանով վերջանում է իրենց մասնակցությունը տնտեսության մեջ։ Ու ամենաշատը այսքան տարիներին մենք որ տեսել ենք, որ ամբողջ կառավարությունով գնում են, 4-րդ սորտի ցորենի վագոններն են դիմավորում և դիզվառելիք են դիմավորում, թե բենզին՝ չգիտեմ։
Իրենց կառավարության հիմնական գործունեությունը դա է․ միգուցե հիմա էլ կգնան, ամբողջ կառավարությունով մի վարունգի վագոն կդիմավորեն Ադրբեջանից, ու կհպարտանան, մեր ժողովրդին կասեն՝ տեսե՛ք՝ ինչ ազատ շուկաներ են, թափանցում ենք եվրոպական շուկաներ։ Իրենք տապալելու են տնտեսությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում

