Երևանի քաղաքապետը մասնակցել է Վարշավայի «Հայկական պուրակի» անվանակոչման հանդիսավոր արարողությանը
Լեհաստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Լեհաստան այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության նախագահի և պատվիրակության մյուս անդամների հետ մասնակցել է Վարշավայի պուրակներից մեկը «Հայկական պուրակ» անվանակոչելու հանդիսավոր արարողությանը:
Պուրակի անվանակոչման որոշումն ընդունվել էր Վարշավայի քաղաքային խորհրդի կողմից՝ ի նշան հայ-լեհական դարավոր բարեկամության:
Հանդիսավոր արարողության շրջանակում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրն օծել է պուրակում տեղադրված հայկական խաչքարը, որը Հայաստանի Հանրապետության նվերն է Վարշավա քաղաքին:
Պուրակի անվանակոչմանը ներկա գտնվող Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկևիչ-Վալցը՝ որպես հանդիսավոր արարողության բարի հուշ, քաղաքապետ Տարոն Մարգարյանին է նվիրել «Հայկական պուրակ» գրառումով ցուցատախտակը:
Շնորհակալություն հայտնելով ինչպես նվերի, այնպես էլ Վարշավայի քաղաքային խորհրդի կողմից պուրակի անվանակոչման որոշման համար՝ Տարոն Մարգարյանը մաղթել է, որ օծված խաչքարի զորությամբ Աստծո օրհնությունն անպակաս լինի հայ և լեհ ժողովուրդներից:
Պուրակի անվանակոչման հանդիսավոր արարողությունից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ջերմ մթնոլորտում շփվել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, լսել նրանց բարեմաղթանքներն ու առաջարկները: Քաղաքապետը տեղեկացրել է համայնքի ներկայացուցիչներին, որ Երևանի և Վարշավայի միջև ստորագրվել է Մտադրությունների հուշագիր, ինչը ենթադրում է երկու քաղաքների առավել սերտ համագործակցություն և, օգտվելով առիթից, հայ համայնքին առաջարկել է ակտիվորեն ներգրավվել իրականացվելիք ծրագրերում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն