«ԲՀԿ-ի հետ տեղի ունեցածը միայն այդ քաղաքական ուժին չի վերաբերում, վերջնական պետք է իրավաքաղաքական գնահատական տրվի». Պարույր Հայրիկյան
Հունիսի 11-ին և 12-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր էր ճանաչել 3 ընտրատեղամասերում՝ թիվ 10/51, 35/65, 12/13, տեղի ունեցած քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով ԲՀԿ-ն կորցրել էր 213 ձայն։
Երեկ՝ հունիսի 14-ին, ԿԸՀ նիստում քննվում էր ընդդիմության ներկայացրած բողոքը, որի ժամանակ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ 3 ընտրատեղամասերում քվեարկությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։
Օրվա ավարտին արդեն հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ն չի հաղթահարել ԱԺ անցնելու շեմը, ԱԺ են անցնելու ՔՊ-ն, «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան» դաշինքը։
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի խոսքով՝ եթե ԲՀԿ-ի նկատմամբ տեղի ունեցածից հետո որևէ մեկը չի քննադատի հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունները ու չի հրաժարվի դրա արդյունքներից, պետք է ընդունի, որ Նիկոլի կողմից է։
«ԲՀԿ-ի նկատմամբ տեղի ունեցածը կարելի է նախախնամության նվեր համարել ու այդ հիմքով վերջնական իրավաքաղաքական գնահատական տալ հունիսի 7-ին տեղի ունեցած «ընտրություններին»։
ԲՀԿ-ի հետ տեղի ունեցածը միայն այդ քաղաքական ուժին չի վերաբերում, միայն այս մեկ դրվագը բավարար է, որպեսզի բոլորը կանգնեն, հանգիստ ու արժանապատվորեն ասեն՝ տեղի ունեցածն ընտրություն չէր, հաջողություն ձեզ։
Ինքս որևէ խորհուրդ չեմ տալիս, այլ ընդհանուր գնահատական եմ տալիս՝ ասելիքս հենց սկզբից եմ ասել՝ քանի դեռ այս իշխանությունն է ղեկին, նրա օրոք չեն կարող լինել արդար ընտրություններ»,– 168.am-ի հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը։
Ըստ մեր զրուցակցի, կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը խախտելը նույնն է, ինչ խախտեն նույն Ընտրական օրենսգիրքը։
«Բոլորն ինչ-որ հանգիստ են այս ամենին նայում, քանի որ իրենց հետ չի կատարվել, բայց ինքս հանգիստ չեմ կարող նայել, համարում եմ, որ ԲՀԿ-ի հետ տեղի ունեցածով մենք նվեր ստացանք, որպեսզի հանգիստ հայտարարենք՝ այս ընտրությունների արդյունքներն անընդունելի են»,- հավելեց Պարույր Հայրիկյանը։
Հարցին, թե ի՞նչ պետք է անի հավաքական ընդդիմությունը, Պարույր Հայրիկյանը պատասխանեց՝ անձամբ գիտի, թե ինչ կարող է անել, բայց իրեն թույլ չի տա ուրիշներին խորհուրդ տալ, բայց մեկ բան հստակ է.
«Կարճ ասած՝ խայտառակ վիճակում ենք։ Ամեն ինչ գալիս է նրանից, որ մատների արանքով նայեցինք «Մերժի՛ր Սերժին» հայտարարությամբ ասպարեզ իջած, բայց Սերժ Սարգսյանի Սահմանադրությանը կառչած իշխանություններին։
Դեռ 2018 թվականին այս իշխանությունները հայտարարում էին, թե այս Ընտրական օրենսգրքով ու Սահմանադրությամբ հնարավոր չէ ունենալ արդար ընտրություններ։ Այսպիսի Ընտրական օրենսգրքի ու Սահմանադրության համար իտալացիները Մոսոլինիին գնդակահարել են, իսկ մենք սրանով ապրում ենք»,- շեշտեց Պ. Հայրիկյանը։
Ինչ վերաբերում է Սահմանադրությունը փոխելուն և հարցին՝ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը չի կարողանալու Սահմանադրություն փոխել, ի՞նչ հնարավոր քայլերի կարող է նա դիմել, ԱԻՄ առաջնորդը պատասխանեց՝ երբ ինչ-որ կաշկանդող հանգամանքներից խոսում է «Կուսակցությունների մասին» օրենքը կոպտորեն խախտող անձը, չպետք է շտապել լսել ու հավատալ նրան։
«Ես արդեն հայտարարել եմ, որ այս իրավիճակից դուրս գալու համար պետք է ընտրել ամենակարճ ու արդյունավետ ճանապարհը՝ սահմանադրական փոփոխությունների հարցը հանրությունն իր ձեռքը պետք է վերցնի ու գնա այս ճանապարհով։ Մենք ներկայացրել ենք այս փոփոխությունների նախագիծը, որը ՀՀ քաղաքացուն դարձնում է իր ճակատագրի տերը, այդ կերպ Հայաստանը կդառնա ամենաժողովրդավարական երկիրը։ Այս պահին, երբ բոլոր հույսերը ջախջախված են, պետք է բոլորը վերադառնան ու կենտրոնանան այս գաղափարի շուրջ։ Ինքս որևէ հավակնություն չունեմ, բոլորին բաց հրավեր եմ ուղարկում՝ սկսել սահմանադրական շարժում՝ իրավիաճակն արմատական փոխելու համար»,- ընդգծեց Պարույր Հայրիկյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին համապետական ընտրությունների նախնական արդյունքներով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել էր 4 % ձայն, և մտնելու էր խորհրդարան։ Սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, որից հետո ԲՀԿ-ն կորցրեց 213 ձայն՝ դուրս մնալով ԱԺ-ից։ Դրանից հետո ընդդիմությունը բողոքի ակցիա անցկացրեց ԿԸՀ շենքի մոտ՝ պահանջելով վերաքվեարկություն կամ նոր ընտրությունների անցկացում։

