Սուպերմարկետները 60 միլիոն դոլարի ծաղիկ ո՞նց են վաճառելու. չի՛ կարելի նման ձևով մարդկանց խաբել. Հարություն Մնացականյան
168 TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը գործարար-ֆերմեր, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հարություն Մնացականյանն է։
Հարցազրույցի ընթացում Հարություն Մնացականյանի հնչեցրած մի քանի թեզեր՝ ստորև․

- Իշխանությունը ոչ թե պիտի որակում տա Ռուսաստանի կողմից այս քայլերին, այլ պիտի լուծում գտնի, հասկանա՝ ի՞նչ միջոցներով, դիվանագիտական ի՞նչ ճանապարհով հարթի այս խնդիրը, որովհետև սա ծայրահեղ վատ վիճակի մեջ է դնում ամբողջ գյուղատնտեսության ոլորտը Հայաստանում, քանի որ Հայաստանից տարեկան արտահանվում է 1 միլիարդ դոլարից ավելի գյուղատնտեսական արտադրանք։ Ու պատկերացրեք՝ այդ արտահանումը չկա, այդքան արտադրված բերք ու բարիքը մնալու է Հայաստանում։ Ինչ-որ մասը գուցե հասցնեն վերամշակել, ինչ-որ մի մաս փչանա։ Բայց ծաղկի ոլորտում, ծաղկի արտադրության մեջ կատաստրոֆա է, որովհետև ծաղիկը վերամշակել չի լինի, ինչ-որ բան անել չի լինում․ պիտի աճի ու չորանա, և այս պարագայում մեր ֆերմերները, ջերմատնային տնտեսությունների տերերը շատ լուրջ վնասներ են կրելու։
- Գիտե՞ք ինչ կա՝ իրականում հայ տնտեսվարողը, այնպես չի, որ հնարավորություն ունեցել է եվրոպական շուկա մտնելու ու չի մտել՝ սպասելով, որ սանկցիաները լինեն, նոր մտնի․ եվրոպական շուկան լինելով սպեցիֆիկ՝ ավելի խիստ ստանդարտներ է պահանջում, ավելի շատ սերտիֆիկատներ։ Լոգիստիկ խնդիրներ ունենք մենք նաև Եվրոպայի հետ կապված, ինչը դժվարացնում և երբեմն էլ անհնարինության աստիճանի է հասցնում արտահանումը դեպի ԵՄ երկրներ։
- Պատկերացրեք՝ եթե 5- 6ամիս ձգվեց այս սահմանափակումը՝ 1 միլիարդ դոլարի ապրանքը փչանալու է, այդքան սուբսիդիա ո՞նց են տալու, մեր պետբյուջեն այդքան գումար չունի։ Գռեհիկ պաթետիզմը պիտի թարգեն, սա պետություն է․ պետության կառավարման մեջ էդ զզվելի պաթետիզմը պիտի տեղ չունենա․ մեր սուպերմարկետները 60 միլիոն դոլարի ծաղիկ ո՞նց են վաճառելու։ Չի՛ կարելի նման ձևով մարդկանց խաբել, մանիպուլացնել, մոլորեցնել։ Հասկացող մարդու համար և՛ վիրավորական է, և՛ երբեմն նաև զայրացուցիչ, ո՞նց կարելի է մարդկանց էմոցիաների հետ այսպես խաղալ, ո՞նց կարելի է։
- Դիվերսիֆիկացիա անելու համար անհրաժեշտ են հետևյալ քայլերը, ինչի մասին բազմիցս բարձրաձայնվել է, խոսվել է․
Առաջինը՝ մեր լաբորատորիաները պիտի վերազինվեն, ստանանք այն որակի լաբորատորիաներ, որ մենք այստեղից արտահանվող ապրանքի դեպքում հստակ որակական չափանիշներով հասկանանք՝ այնտեղ որ գնա, կընդունվի՞, թե՞ կտանեն ոչնչացման, և մի բան էլ՝ բնապահպանական գումար կմուծենք։

Երկրորդը՝ մենք մինչև հիմա մթերման կայաններ չունենք։ Այստեղից Ռուսաստան տանում էին և շուկաներում կանգնում էին՝ բեռնատար-բեռնատար ծախում, բայց Եվրոպայում դու չես տանելու շուկա՝ ծախես․ դու պիտի մատակարարես սուպերմարկետների ցանցի, 100.000-ավոր տոննաներով են ուզելու։ Եթե այդ տնտեսվարողը նման քանակները չունեցավ, ուղղակի պայմանագիր չեն կնքի։
Հաջորդը՝ 10 օր է անհրաժեշտ, որ ապրանքը հասնի Կենտրոնական Եվրոպայի երկրներ, իսկ, օրինակ, 10 օր հետո ելակն ընդհանրապես գոյություն չի ունենալու։ Այսինքն՝ ելակի թեման, ինչ խոսում են, միֆ է․ ինքնաթիռով չես կարող, որովհետև օդային բեռնափոխադրումների գները 2 եվրոյից է սկսում կիլոգրամի համար, և, հետևաբար, դու չես կարող մի ապրանքի վրա 2 եվրո ավելացնել ու օգուտով վաճառել Եվրոպայում, որտեղ Իսպանիայից տոննաներով և շատ էժան գնով ելակ է գալիս։ Հերիք չէ՝ չեն հասկանում, հետն էլ՝ ստում են։
Տրանսպորտային խնդիր, ասեմ՝ քանի՞ ընկերություն ունի TIR համակարգով բեռնատարներ, որոնք կարող են մտնել Եվրամիության երկիր։ Այսինքն՝ մենք պիտի խնդրենք վրացական կազմակերպությունների։ Պատկերացնո՞ւմ եք ՝ ինչ ժամանակատար ու ինչ երկարատև պրոցես է, որ պետք է արած լինեին 8 տարի առաջ, և նոր միայն այսօր իրավունք ունենային, բարոյական իրավունք ունենային խոսել դիվերսիֆիկացիայի մասին։
- Գետի՛նը մտնեք դուք, էդքան բան։ Ո՞նց կարելի է ուրախանալ քո ամբողջ գյուղատնտեսության ոլորտի քայքայման համար։ Ես այդ ոլորտի մի մասնիկն եմ, ես ոլորտի մարդ եմ, ով 16 տարի գործունեություն է ծավալում ու 16 տարի հանրային կերպով ելույթներ է ունենում, հանրային կերպով կանխատեսումներ անում, փորձում է հանրությանն ուղղորդել, որ ճիշտ ուղղության վրա լինեն, ու կանգնել ցինիկաբար նման արտահայտություն անե՞լ։ Դո՛ւք կարող եք ուրախանալ նման բաներից, մեր ձախողումից, որ հետո էլ այսպես գռեհիկ ձևով ներկայացնեք, թե իբր ինքնիշխանություն եք պահում։
- Ցինիզմը, գիտե՞ք՝ որն է, որ Կարապետյանն Նարեկն ուղղակի ուզում էր Լարսը անցներ, չթողեցին ու անամոթաբար գրեցին՝ լքում է Հայաստանը։ Նարեկ Կարապետյանն ամբողջ կյանքում Հայաստանում է ապրել։ Ու եթե լքելու հարց լիներ, ես վստահ եմ, ես համոզված եմ, Նարեկ Կարապետյանին ճանաչելով 11 տարի, կարող եմ փաստել՝ ամենավերջին լքողը լինելու է Կարապետյան Նարեկը՝ ի տարբերություն նրանց։ Ես շատ լավ հիշում եմ նոյեմբերի 9-ը… երբ կապիտուլյացիայի պայմանագիրը կնքեցին, այդ ՔՊ սաստավը որտե՞ղ էր, ո՞ր մկան բունն էր մտել, թաքնվել, որ չգտնեին։

- Ադրբեջանում ու Թուրքիայում գյուղմթերքի ինքնարժեքն ավելի թա՞նկ է, քան Հայաստանում։ Կարո՞ղ է նրանց հետաքրքրի հայկական ապրանքը, հայկական գյուղմթերքը։ Չի՛ կարող։ Ուղղակի չի հետաքրքրի։ Եվ դրան գումարած՝ Արցախն են, բոնուս ստացել, Արցախում էլ այնքան գյուղմթերքներ են արտադրելու, որ մենք ուղղակի չկարողանանք որևէ ձևով իրենց հետ մրցակցել։
- 3 ամսվա կուսակցությունը 23,3 % արդեն կարողացավ ձայն հավաքել՝ այս քանակի բռնաճնշումների, շանտաժների, ձերբակալությունների, զզվելի մոնտաժած ձայնագրությունների և այլնի պարագայում։ Այժմ կրկին բողոքարկվել են ընտրության արդյունքները, և վիճարկումից հետո, արդեն, երբ որ վերջնական արդյունքներն ամփոփի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մենք մեր հայտարարությունը կանենք։
Մանրամասները՝ տեսանյութում

