Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Բրիտանացի ֆուտբոլիստ և «Ինտեր Մայամի» ակումբի սեփականատեր Դևիդ Բեքհեմն իր աստղն է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»։ Հանդիսավոր միջոցառման ժամանակ նրա կողքին էին կինը, որդիները՝ Ռոմեոն ու Քրուզը, և դուստրը՝ Հարփերը։
«Օր, որը ես երբեք չեմ մոռանա։ Ես շատ շնորհակալ եմ իմ ընկեր Թոմին իմ կողքին լինելու համար, և շնորհակալություն եմ հայտնում կնոջս՝ Վիկտորյային, և իմ հրաշալի երեխաներին՝ իրենց սիրո և աջակցության համար։ Լոս Անջելեսը հատուկ տեղ ունի իմ սրտում։ Ես այստեղ եկել եմ այն երազանքով, թե ինչպիսին կարող է լինել ֆուտբոլն ԱՄՆ-ում։ Իմ սիրելի մարզաձևի զարգացման գործում ունեցած ներդրման համար ճանաչում ստանալն ինձ համար շատ մեծ նշանակություն ունի»,-Instagram-ում գրել է մարզիկը։
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նա դարձել է Անգլիայի վեցակի չեմպիոն, երկու անգամ նվաճել է երկրի գավաթը։ Դևիդ Բեքհեմը նաև Չեմպիոնների լիգայի հաղթող է։
Հոլիվուդի «Փառքի ծառուղում» (Hollywood Walk of Fame) պատվում են այն մարդկանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել մշակույթի և սպորտի զարգացման գործում։ Ի սկզբանե նախատեսվում էր տեղադրել մոտ 2500 աստղ, սակայն ժամանակի ընթացքում դրանց թիվն ավելացել է և այժմ արդեն 2700-ից ավելի է։
Իրենց աստղերն ունեցող ամենահայտնի մարդկանց թվում են Մայքլ Ջեքսոնը, Ֆրենկ Սինատրան, Էլվիս Փրեսլին, Մերիլին Մոնրոն, Մայլի Սայրուսը, Թոմ Հենքսը, Նիկոլ Քիդմանը, Դուեյն Ջոնսոնը և բազմաթիվ այլ համաշխարհային հայտնիներ։

