Բաժիններ՝

Մահացել է Պաուլս Բուտկևիչը՝ «Գարնան տասնյոթ ակնթարթ» և «Առա՛ջ, գարդեմարիններ» ֆիլմերի աստղը

Երեկ՝ հունիսի 12-ին, կյանքից հեռացել է լատվիացի դերասան Պաուլս Բուտկևիչը։ Այս մասին հայտնում է Լատվիայի կինեմատոգրաֆիստների միությունը։

Նրա մահով ավարտվեց մի հարուստ ստեղծագործական ուղի, որն ավելի քան վեց տասնամյակ անխզելիորեն կապված էր լատվիական կինոյի, թատրոնի ու մշակույթի հետ։

Բուտկևիչը ծնվել է 1940 թվականին։ 1950-ականների վերջին նա նախ աշխատել է VEF գործարանում՝ որպես ինժեներ-տեխնիկ, ինչից հետո միայն մուտք է գործել Ռիգայի թատերական կյանք։ Դերասանն իր առաջին քայլերն արել է Ռոբերտ Լիգերիսի Ռիգայի պանտոմիմայի թատրոնում, ապա «Դայլես» թատրոնի փորձարարական ստուդիայում։ Այս ամենին զուգահեռ նա սովորել է մի քանի բուհերում, այդ թվում՝ Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտում և Լատվիայի համալսարանում։

Նրա կինոկարիերան սկսվել է 1963 թվականին՝ հեռուստատեսային աշխատանքներով, իսկ արդեն կարճ ժամանակ անց նա նկատելի դերեր է ստացել Ադա Ներետնիեցեի և Ռոլանդ Կալնինշի ֆիլմերում։ Նրան մեծ ճանաչում է բերել 1967 թվականին թողարկված «Շնչեք խորը» ֆիլմում կատարած Ռալֆի դերը, իսկ նրա կատարմամբ հնչող երգերը դարձան լատվիական կինոյի մշակութային ժառանգության անբաժանելի մասը։

Նրա ֆիլմագրության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում խորհրդային և ռուսական կինոնկարները. դերասանը մարմնավորել է կապավորի կերպարը լեգենդար «Գարնան տասնյոթ ակնթարթ» սերիալում, ինչպես նաև նկարահանվել է «Առա՛ջ, գարդեմարիններ» պատմական ֆիլմում: Իր կարիերայի ընթացքում Բուտկևիչը խաղացել է ընդհանուր առմամբ շուրջ 150 կինոնախագծերում՝ դառնալով իր սերնդի ամենապահանջված լատվիացի դերասաններից մեկը:

Նա նկարահանվել է նաև երկրի սահմաններից դուրս՝ Գերմանիայում, Լեհաստանում, Շվեդիայում, Դանիայում, Հնդկաստանում և այլ պետություններում՝ իր ուրույն տեղը գտնելով միջազգային նկարահանման հրապարակներում:

Լատվիայի կինեմատոգրաֆիստների միությունը նշում է, որ նրա մահը մեծ կորուստ է մշակութային կյանքի համար: «Նրա կերտած կերպարները, ձայնն ու ստեղծագործական անհատականությունը միշտ կմնան հանդիսատեսի հիշողության մեջ», — ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930