Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում

Ստացվեց այնպես, որ այս ընտրությունների անկյունաքարային պահը «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցությունն է։

Սկզբում հայտարարվեց, որ կուսակցությունը հաղթահարել է անցողիկ շեմը։ Հետո իշխանությունը հասկացավ, որ ԲՀԿ-ի՝ խորհրդարանում լինելը ՔՊ-ին զրկում է միահեծան իշխանությունից, ու քաղաքական հրահանգից րոպեներ անց ԲՀԿ-ի տոկոսն իջեցվեց 0,004 տոկոսով, ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) անամոթաբար հայտարարեց, թե կուսակցությունը չի մտել Ազգային ժողով։

Փաշինյանի կողմից քաղաքական հրահանգն այնքան ակնհայտ ու հապճեպ է եղել, որ ԿԸՀ-ում չեն էլ հասցրել ավելի լուրջ կեղծիք պատրաստել, և մանկական աճպարարությամբ են հանել այդ տոկոսները։

ԲՀԿ-ն հաշված ժամերի ընթացքում բացահայտեց ոչ միայն կեղծիքները, այլև շատ ավելին, ու կուսակցության ձայներն արագորեն աճեցին։

Այս պրոցեսը տեսնելով՝ ընդդիմադիր այլ քաղաքական ուժեր նույնպես սկսեցին պեղումները և հայտնաբերեցին, որ իրենց ձայներն էլ անհասկանալիորեն նվազեցվել են։ Ակնհայտ է դառնում, որ գործ ունենք զանգվածային, բազմաոճ ընտրախախտումների հետ։

Այնուհանդերձ, այս պահին քաղաքական թիվ 1 հարցը ԲՀԿ-ի՝ ԱԺ-ում լինելն է, և շրջանառվող դիպուկ ձևակերպումը՝ «ԲՀԿ-ն մնաց իշխանության կոկորդում», լավագույնս է արտահայտում ստեղծված իրավիճակը։ Արձանագրենք, որ թիմն իրեն այս դժվար պահին դրսևորում է շատ կոմպետենտ և արժանապատիվ։

Իսկ իշխանությունը, տեսնելով, որ պարտվում է քվեների պատերազմում, անցել է ուղիղ դատաիրավական ճնշումների Ծառուկյանի դեմ՝ քրեական հետապնդումներ նրա և հարազատների նկատմամբ։ Սա նույնպես կանխատեսելի էր։

Այս պահին շատ կարևոր է, որ քաղաքական առողջ ուժերը, հանրային էլիտաները և հասարակությունը ոչ թե դիտորդ մնան, հետևեն, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, այլ քաղաքական և այլ համակրություններից անկախ՝ սատարեն ԲՀԿ-ին ու Գագիկ Ծառուկյանին՝ իշխանության աննախադեպ ապօրինություններին դիմակայելու։ Սա միայն ԲՀԿ-ի կամ Ծառուկյանի խնդիրը չէ, սա որոշելու է Հայաստանի առաջիկա քաղաքական փուլի ամբողջ տրամաբանությունը և հետագա զարգացումները։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930