«Փաշինյանն այդ հրատապ քայլով հրահանգ իջեցրեց ԿԸՀ-ին. մինչև այս իշխանությունը չհեռանա՝ չեմ պատկերացնում իմ հետնահանջը». Մեսրոպ Մանուկյան
Հունիսի 6-ին՝ համապետական ընտրությունների օրը, երբ դեռ բոլոր ընտրատեղամասերում հաշվարկները չէին ավարտվել, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ արդյունքները չէր ամփոփել, այսինքն՝ ամբողջ այդ գործընթացը դեռ ընթացքի մեջ էր, Նիկոլ Փաշինյանը հրատապ ասուլիս հրավիրեց կեսգիշերն անց, որի ժամանակ էլ ազդարարեց իր հաղթանակի մասին։ Նա նաև ասաց, որ միանձնյա Կառավարություն են ձևավորելու, քանի որ արժանացել են ընտրողների ձայների մեծամասնությանը։ Զուգահեռ, համացանցում ՔՊ-ականները միմյանց արդեն շնորհավորում էին՝ «մեծ հաղթանակի» առիթով։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, պատգամավորի թեկնածու Մեսրոպ Մանուկյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այս քայլով հրահանգ իջեցրեց ԿԸՀ-ին։
«Նիկոլ Փաշինյանն այդ քայլով ուղիղ հրահանգ իջեցրեց ԿԸՀ-ին, որպեսզի իր սրտի թվերը հրապարակի, այսինքն՝ դա ճնշում էր և՛ ԿԸՀ-ի, և՛ ուժային կառույցների, և՛ մնացած բոլորի նկատմամբ։
Արդա՞ր են անցել այս ընտրությունները, բնականաբար ոչ, քանի որ տոտալ վարչական ռեսուրսի կիրառում կա, տոտալ ճնշումներ։ Գյուղապետերը կանգնած հետևում էին ընտրություններին, մարդկանց էին բերում, զինվորականներին երեկոյան ժամը 20։00-ից հետո ընտրատեղամաս բերելը և այլն։ Եթե սկսեմ թվարկել, ինձ առնվազն մի քանի ժամ է անհրաժեշտ, որպեսզի ցույց տամ, որ այս ընտրությունները չեն արտացոլել իրական պատկերը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մեսրոպ Մանուկյանը։
Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն հայտարարություն արեց ու ինքն իրեն կարգեց հաղթանակած ուժ, սակայն իրականությունն այլ է, քանի որ այն ճնշումները, որոնք իշխանությունը գործադրել է մարդկանց նկատմամբ, անսահման են եղել։
Ինչ վերաբերում է հայտարարություններին, որ խորհրդարան անցած ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները, պետք է հրաժարվի դրանցից, և հարցին՝ մանդատները չվեցնելով, արդյո՞ք կլուծվի բոլոր խնդիրները, Մեսրոպ Մանուկյանը պատասխանեց.
«Այս պահին որևէ կարծիք չունեմ արտահայտելու, մասնագիտությամբ իրավաբան չլինելով՝ չեմ կարող ասել՝ խնդիրները դրանով կլուծվե՞ն, թե՞ ոչ։ Այս պահին ուղղակի ձեռնպահ կմնամ ինչ-որ մեկնաբանություն տալուց»։
Մեսրոպ Մանուկյանը նաև ասաց՝ ընտրություններին իրենց ունեցած այս պատկերից որևէ կերպ չի ընկճվել, նեղվելու կամ հանձնվելու որևէ նպատակ ու միտք չունի։
«Մինչև այս իշխանությունը չհեռանա, ես չեմ պատկերացնում իմ հետնահանջը, իրենք չարիք են մեր երկրի, ժողովրդի համար ու իրենք պիտի հեռանան։ Այ, երբ իշխանությունը հեռացվի, այդ ժամանակ գուցե ես գնամ ու շարունակեմ իմ մասնավոր գործերը, բայց քանի դեռ իրենք կան՝ կպայքարեմ»,- ընդգծեց Մեսրոպ Մանուկյանը։


